Ռուսաստանում մասամբ սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը
Ռուսաստանում մասամբ սահմանափակվել են Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերը, հայտնել է «Ռոսկոմնադզոր»-ի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Տեղեկացնում ենք ձեզ, որ իրավապահ մարմինների նյութերի համաձայն հանցագործներին հակազդելու համար միջոցներ են ձեռնարկվում տվյալ արտասահմանյան մեսենջերներում զանգերը մասամբ սահմանափակելու համար։ Դրանց ֆունկցիոնալության վրա այլ սահմանափակումներ չեն մտցվում»,-նշել է գերատեսչությունը։
Հաղորդվում է նաև, որ խաբեբաներն ամենից հաճախ զանգահարում են Telegram-ի և WhatsApp-ի միջոցով։ Չարագործներն այս ցանցերն օգտագործում են խաբեության, գումար շորթելու և դիվերսիոն ու ահաբեկչական գործողությունների մեջ մարդկանց ներքաշելու համար։
Գործակալությունը նշում է, որ մեսենջերների սեփականատերերն անտեսել են հակազդեցության միջոցներ ձեռնարկելու բազմաթիվ պահանջները։
ՌԴ պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Անտոն Նեմկինը հայտարարել է, որ այս միջոցառումն անհրաժեշտ է հեռախոսային և ինտերնետային խարդախություններից մարդկանց պաշտպանելու համար։


