կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանն առաքելություն է ուղարկել Լուսին՝ փորձելով առաջինը վայրէջք կատարել հարավային բևեռում

Ռուսաստանն առաքելություն է ուղարկել Լուսին՝ փորձելով առաջինը վայրէջք կատարել հարավային բևեռում

Ռուսաստանն առաքելություն է ուղարկել Լուսին՝ փորձելով դառնալ առաջին երկիրը, որը վայրէջք կկատարի լուսնի հարավային բևեռում։

Ինչպես տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից, արձակումը հաջող է անցել, «Լունա-25» ավտոմատ միջմոլորակային կայանը թռչում է դեպի Լուսին։ Ըստ նախնական գնահատումների՝ օգոստոսի 20-ին կայանը փափուկ վայրէջք կկատարի լուսնի հարավային բևեռի շրջանում։

Վայրէջքի համար ընտրել են հարավային բևեռի շրջանը, որտեղ ջրային սառույցի նշաններ են հայտնաբերվել։ Լուսնի այդ հատվածում դեռ ոչ ոք բարեհաջող վայրէջք չի կատարել:

Ներկայում Երկրի բնական արբանյակի ուղեծրում գործում է երկու տիեզերակայան։ 2009 թվականից աշխատում է NASA Lunar Reconnaissance Orbiter սարքը, որը հարավային բևեռում հայտնաբերել է ջրածնի մոլեկուլների անոմալ կոնցենտրացիա, ինչն անուղղակիորեն վկայում է ջրային սառույցի առկայության մասին։

Հնդկական «Չանդրայան-2» կայանը, որը գործարկվել է 2019 թվականին, նույնպես գտնվում է լուսնային ուղեծրում։

Իսկ օգոստոսի 5-ին Լուսնի ուղեծիր է մտել Հնդկաստանի լուսնային երրորդ առաքելությունը՝«Չանդրայան-3»-ը, որը պետք է Լուսնի հարավային բևեռում վայրէջք կատարի օգոստոսի 23-ին՝ ռուսական կայանից մի քանի օր անց։

  • Կիսվել: