չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցողները չեն քննարկի խաղաղության փաստաթուղթը, մինչև փոխզիջումային դիրքորոշումներ չմշակվեն. Պոդոլյակ

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցողները չեն քննարկի խաղաղության փաստաթուղթը, մինչև փոխզիջումային դիրքորոշումներ չմշակվեն. Պոդոլյակ

Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը առանցքային նշանակություն ունի խաղաղության հաստատման տեսանկյունից, հարկավոր է փոխզիջումային լուծումներ գտնել։ Այդ մասին BBC-ին տված հարցազրույցում հայտնել է Վոլոդիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։

«Երբ նախնական փաստաթղթեր մշակվեն, դրանք կփոխանցվեն նախագահներին։ Այնուհետև հնարավոր կլինի խոսել նրանց հանդիպման մասին»,- հստակեցրել է պաշտոնյան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցողների շփումները շարունակվում են ամենօրյա ռեժիմով։

«Զելենսկին հստակ արտահայտել է իր դիրքորոշումը տարածքային ամբողջականության և անվտանգության հիմնարար երաշխիքների վերաբերյալ․ սրանք ամենակարևոր կետերն են»,- ասել է նա՝ հավելելով, որ բանակցությունների կառուցվածքը բարդ է։ Հիմնական պատվիրակություններից բացի, կան բանակցային խմբեր, որոնք աշխատում են տարբեր ձևաչափերով։ Ներգրավված են նաև երկու երկրի ղեկավարների խորհրդականները։

Պոդոլյակն ընդգծել է, որ պատվիրակությունները պայմանավորվել են չքննարկել «խաղաղության փաստաթուղթը», քանի դեռ հրապարակման ենթակա փոխզիջումային դիրքորոշումներ չմշակվեն։

«Ինչ վերաբերում է ռուսական կողմի դիրքորոշմանը․ նրանք կարող են հայտարարել ինչ ուզում են։ Ուկրաինան զիջումների չի գնում, քանի որ խոսքը մեր ազատության մասին է»,- եզրափակել է Պոդոլյակը։

  • Կիսվել: