Ռուբիոյի հետ բանակցությունների ընթացքում բարձրացվել է հանուն խաղաղության անդուլ աշխատելու անհրաժեշտության հարցը. պաշտոնական Վատիկան
Վատիկանը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ բանակցությունների ընթացքում բարձրացվել է «հանուն խաղաղության անդուլ աշխատելու անհրաժեշտության» հարցը: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը՝ նշելով, որ ԱՄՆ պետքարտուղարը Հռոմում է մի այցով, որը լայնորեն դիտարկվում է որպես Հռոմի Լևոն XIV պապի հասցեին Դոնալդ Թրամփի հնչեցրած բազմաթիվ քննադատություններից հետո լարվածությունը մեղմելու փորձ:
Մասնավորապես նշվում է, որ Սուրբ Աթոռի և Վաշինգտոնի միջև հարաբերություններում տիրող աննախադեպ լարվածության ֆոնին՝ Առաքելական պալատում հինգշաբթի պապն ընդունել է Ռուբիոյին, որից հետո վերջինս մի շարք հանդիպումներ է անցկացրել Վատիկանի ներկայացուցիչների հետ:
Հաղորդվում է նաև, որ Հռոմի պապի հետ 45-րոպեանոց առանձնազրույցից հետո Ռուբիոն հանդիպել է նաև Վատիկանի պետքարտուղար և դե-ֆակտո դիվանագիտական գերատեսչության ղեկավար Պիետրո Պարոլինի հետ, որն այցի նախօրեին վճռականորեն պաշտպանել էր քահանայապետին և քննադատել Թրամփի վերջին հարձակումները՝ դրանք անվանելով «բավականին տարօրինակ»:
Իր հայտարարության մեջ Վատիկանը նշել է, որ կողմերը մտքեր են փոխանակել ընթացիկ իրադարձությունների շուրջ՝ «առանձնահատուկ ուշադրություն դարձնելով պատերազմից, քաղաքական լարվածությունից և բարդ հումանիտար իրավիճակից տուժած երկրներին, ինչպես նաև հանուն խաղաղության անդուլ աշխատելու անհրաժեշտությանը»։


