ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌՀԳ–ի ավարտից հետո ՌԴ–ն ավելի շատ զենքի կարիք կունենա, աշխարհը փոխվել է. Մեդվեդև

ՌՀԳ–ի ավարտից հետո ՌԴ–ն ավելի շատ զենքի կարիք կունենա, աշխարհը փոխվել է. Մեդվեդև

Ռուսաստանին ավելի շատ զենք պետք կլինի նույնիսկ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունների ավարտից հետո։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսական առաջատար ԶԼՄ–ներին, այդ թվում` ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
«Մեր ռազմարդյունաբերական բաղադրիչի վերաբերյալ։ Կարծում եմ, որ մենք դեռ որոշակի ճանապարհ կանցնենք, մեզ ապագայի համար պաշար է պետք։ Դա ակնհայտ է», – ասել է նա։
 
Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ աշխարհն անդառնալիորեն փոխվել է, անգլոսաքսոնական երկրների թելադրանքն ավարտվել է, և դրան փոխարինման է գալիս տարածաշրջանային համագործակցությունների դարաշրջանը։
«Աշխարհն այնքան արմատապես է փոխվել, որ ես չէի կարող պատկերացնել դեռ մի քանի տարի առաջ։ Հետդարձի ճանապարհ չկա։ Այլևս չի լինի այնպես, ինչպես եղել է։ Լավ է դա, թե վատ, չգիտեմ, բայց ամենայն հավանականությամբ լավ է։ Անգլոսաքսոնական երկրների դիկտատին վերջ է տրվել», – ասել է նա։
Հետևաբար, ըստ նրա, ինստիտուտները ևս պետք է փոխվեն։
 
«Դրանց մի մասն անարդյունավետ է, մյուսը մասը, ինչպիսին միջազգային քրեական դատարանն է, աղբային բնույթ է կրում, դրանց մի մասը գործում է։ Ինչ կլինի հետո` չգիտեմ, բայց ակնհայտ է, որ գալիս է տարածաշրջանային համագործակցությունների դարաշրջան, ինչպիսիք են ԲՐԻԿՍ–ը, ՇՀԿ–ն։ Դա ինչ–որ տեղ կարող է դիտվել որպես հետքայլ, բայց ավելի լավ է նման հետքայլ անել, քան փորձել ՄԱԿ–ի կամ մեկ այլ մարմնի հովանու ներքո ձևացնել, թե միակարծիք ես», – նշել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։
 
Մեդվեդևը նշել է, որ ԽՍՀՄ–ի ժամանակ աշխարհը հավասարակշռության մեջ էր։
«Ի պաշտպանություն խորհրդային պետության ասեմ` այնուամենայնիվ դրա վրա էր պահվում ուժերի ողջ համաշխարհային հավասարակշռությունը։ Վարշավյան պայմանագրի և ՆԱՏՕ–ի միջև դիմակայությունը։ Ու դա, ի դեպ, թույլ չէր տալիս, որ իրավիճակի հավասարակշռությունը խախտվեր։ Կարելի է ամեն կերպ փնովել և՛ Վարշավայի պայմանագիրը, և՛ Խորհրդային Միությանը, և՛ ՆԱՏՕ–ին համապատասխանաբար, բայց աշխարհը հավասարակշռության մեջ էր, իսկ հիմա չգիտես` ինչ է կատարվում», – ասել է նա։
Մեդվեդևը եզրափակել է` երբ կառավարում է մեկը, հասկանալի է` ինչի դա կարող է հանգեցնել։

  • Կիսվել: