ՌԴ–ն մտադիր չէ միջամտել ԱՄՆ-ի ներքին գործերին. Պեսկովը՝ Թրամփի վարչակազմի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան չի պատրաստվում միջամտել ԱՄՆ–ի ներքին գործերին։ Այսպես է նա մեկնաբանել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմի անդամների թեկնածուների հարցը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր պետքարտուղարի պաշտոնում Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոյին առաջադրելու մտադրության մասին։
«Մենք ամենևին մտադիր չենք միջամտել ԱՄՆ–ի ներքին գործերին։ Նման բան չենք արել և չենք անում», - ընդգծել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում մտահոգված են Չինաստանի վերաբերյալ Թրամփի և նրա թիմի հռետորաբանությամբ։
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 5-ին: Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնում էր փոխնախագահ Քամալա Հարիսը, Հանրապետականը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
Իշխող Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսն արդեն հրապարակային ելույթում ընդունել է ընտրություններում պարտությունը: