շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին չմիանալու պատճառով Վրաստանի իշխանությունը ԵՄ-ի համար խնդիր է դարձել․ Կալաձե

ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին չմիանալու պատճառով Վրաստանի իշխանությունը ԵՄ-ի համար խնդիր է դարձել․ Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, Վրաստանն արժանի էր Եվրամիության թեկնածուի կարգավիճակին նախորդ տարի ևս, քանի որ դրա համար կոնկրետ քայլեր էր ձեռնարկել, գրում է aliq.ge-ն:

Քաղաքապետը նշել է՝ Վրաստանին կարգավիճակ չտրամադրելը քաղաքական որոշում էր, և հասարակությունը շատ լավ հասկացավ, թե ինչու դա տեղի չունեցավ։ Կալաձեի խոսքով, Վրաստանի ներկայիս իշխանությունը ԵՄ-ի համար խնդիր է, քանի որ չի միանում պատժամիջոցներին, պատերազմ չի սկսում և երկրորդ ճակատ չի բացում երկրում (Ռուսաստանի դեմ-խմբ.)։

Կալաձեի պնդմամբ՝ այս ամենն օգտագործվում էր որպես յուրօրինակ լծակ, որից հետո էլ Վրաստանին տրվեց 12 կետից բաղկացած հանձնարարական:

«Ես դա բազմիցս կրկնել եմ և նորից կասեմ, որ Վրաստանն արժանի էր Եվրամիության թեկնածուի կարգավիճակին։ Ճիշտ է, որոշումը կայացվեց Ուկրաինայի և Մոլդովայի հետ կապված, բայց մենք առաջինն էինք դրան արժանի… Եթե իրատեսորեն նայենք, պարամետրերով ու թվերով, ապա Վրաստանն առաջինն է կոնկրետ քայլեր ձեռնարկում՝ բարեփոխումներ իրականացնելով, կոռուպցիայի դեմ պայքարով և այլն»,- ասել է Կալաձեն։

Հարցին, թե արդյոք կառավարությունը կատարում է ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիայի և Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ հանձնարարականները, Կալաձեն ասել է, որ 12 կետից բաղկացած ծրագրում դրանց մասին որևէ հիշատակում չկա։

«Մեր կառավարությունը պատրաստ է գործել բարեխղճորեն, անել ամեն ինչ, որպեսզի երկիրը ստանա կարգավիճակ։ Թե ինչ որոշում կկայացնեն, մեզանից կախված չէ։ Եթե ​​թեկնածուի կարգավիճակ տան, մենք ուրախ կլինենք, եթե ​​չտան՝ դա էլ խնդիր չէ։ Ո՛չ Գվարամիան, ո՛չ էլ հանցագործ Սաակաշվիլին այս 12 կետից բաղկացած ծրագրում նշված չեն»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։

  • Կիսվել: