չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Քննարկվել է Ադրբեջանի քաղաքական համակարգում իսլամի և ազգայնականություն համադրմանը վերաբերող հարցեր

Քննարկվել է Ադրբեջանի քաղաքական համակարգում իսլամի և ազգայնականություն համադրմանը վերաբերող հարցեր

Ս․թ․ հունիսի 7-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը կազմակերպեց «Իսլամի և ազգայնականության համադրությունը ՀՀ հարակից երկրներում. ինքնության և քաղաքականության կերպափոխումներ» թեմայով միջազգային աշխատաժողովը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Առաջատար հետազոտությունների աջակցություն» հնգամյա ծրագրի շրջանակում։

2021 թվականին ձևավորված գիտահետազոտական խմբում ընդգրկված են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի առաջատար հետազոտողներ Ռուբեն Մելքոնյանը, Նաիրա Սահակյանը, Արաքս Փաշայանը, Վարդան Ոսկանյանը, Վարուժան Գեղամյանը, Նազելի Նավասարդյանը, Վահրամ Տեր-Մաթևոսյանը (ղեկավար)։ Աշխատաժողովին մասնակցում էին նաև Թեհրանի համալսարանի առաջատար թուրքագետներ և կովկասագետներ, ինչպես նաև հայաստանյան ԲՈՒՀ-երի գիտնականներ և ուսանողներ։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին խմբի իրականացրած հետազոտության միջնաժակմետ արդյունքները և ապագա անելիքները։ 

Վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի հարակից չորս երկրներում իսլամն ու ազգայնականությունը վերածվել են քաղաքական, հասարակական, կրթական ու տնտեսական համակարգերը ձևավորող երկու գերակա գաղափարախոսական ուղենիշների, որոնք ոչ միայն արագ կերպափոխվում են այլև էապես ձևափոխում ինքնության և հանրային փոխհարաբերությունների հարացույցերը։ Առանց նշված խնդիրների և այդ ուղղությամբ առկա միտումների ամբողջական և համապարփակ ուսումնասիրության անհնար է հասկանալ և գնահատել ՀՀ հարևանությամբ տեղի ունեցող բազմաշերտ կրոնաքաղաքական գործընթացների դինամիկան և հեռանկարները։ 

Աշխատաժողովի ընթացքում հետազոտական խմբի անդամները և հրավիրված բանախոսները քննարկեցին Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի քաղաքական, հասարակական և մշակութային համակարգերում իսլամի և ազգայնականություն համադրմանը, համակեցությանն ու փոխազդեցությանը վերաբերող հարցեր։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին նաև հետազոտական խմբի հետագա անելիքները՝ մասնավորապես ծրագրի շրջանակում նախատեսված ասպիրանտների ընդունելության կազմակերպման կարգը։

  • Կիսվել: