կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Քնեսեթն ընդունել է «Իսրայելի ինքնիշխանությունը Հրեաստանի, Սամարիայի ու Հորդանան գետի հովտի վրա տարածելու մասին» բանաձևը

Քնեսեթն ընդունել է «Իսրայելի ինքնիշխանությունը Հրեաստանի, Սամարիայի ու Հորդանան գետի հովտի վրա տարածելու մասին» բանաձևը

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Արևմտյան ափին հրեական պետության ընդլայնման օգտին։ Տարածքը ներկայումս գտնվում է Պաղեստինի ինքնավարության վերահսկողության տակ, տեղեկացնում է The Jerusalem Post-ը։

Նշվում է, որ խոսքը «Իսրայելի ինքնիշխանությունը Հրեաստանի, Սամարիայի ու Հորդանան գետի հովտի վրա տարածելու մասին» բանաձևի մասին է, որին կողմ է քվեարկել 71, դեմ ՝ 13 պատգամավոր:

Իսրայելի օրենսդրության համաձայն՝ այս տարածքների ներկայիս կարգավիճակը, բացառությամբ Արևելյան Երուսաղեմի, սահմանվում է որպես «ժամանակավոր ռազմական օկուպացիա», իսկ տարածքների օրինական կառավարիչը Իսրայելի պաշտպանության ուժերի կենտրոնական հրամանատարությունն է։

Նշենք, որ Արևմտյան ափի բնակչության մոտ 20 տոկոսն իսրայելցի նորաբնակներ են։ Նրանց մեծ մասը բնակվում է C գոտում, որտեղ կենտրոնացված են ջրային և հանքային պաշարները, ինչպես նաև գյուղատնտեսության համար առավել հարմար հողերը։

Հորդանան գետի Արևմտյան ափը, ինչպես նաև Գազայի հատվածը, այն տարածքներն են, որոնց վրա պետք է ստեղծվեր անկախ Պաղեստին պետությունը։

 

  • Կիսվել: