շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քանի դեռ ես ԱՄՆ նախագահն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա. Թրամփ

Քանի դեռ ես ԱՄՆ նախագահն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա. Թրամփ

Քանի դեռ ես Միացյալ Նահանգների նախագահն եմ, Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը հանդես գալով հայտարարությամբ և անդրադառնալով Իրանի կողմից Իրաքում ամերիկյան բազաների դեմ հարձակմանն ու իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը

Ըստ Թրամփի՝ Իրանը տարիներ շարունակ աջակցել է ահաբեկչությանը: Նա ասել է. «Իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված պայմանագրի ժամկետը շուտով կսպառվի, ինչն էլ հնարավորություն կտա Իրանին միջուկային առաջնընթաց գրանցել: Իրանը պետք է մոռանա միջուկային զենքի շուրջ իր հավակնությունները և վերջ դնի ահաբեկչությանն աջակցելուն: Մենք պետք է բոլորս միասին աշխատենք Իրանի հետ գործարք կնքելու ուղղությամբ, ինչը աշխարհն ավելի անվտանգ և խաղաղ կդարձնի»:

ԱՄՆ նախագահն անդրադարձել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը և ասել, որ «նա ահաբեկիչ էր և նոր հարձակումներ էր ծրագրում ամերիկյան ուժերի ուղղությամբ»: Թրամփն ասել է. «Նա ահաբեկիչների բանակ էր վարժեցնում, այդ թվում և «Հեզբոլլահը»: Նա արյունալի քաղաքացիական պատերազմներ է հրահրել ողջ տարածաշրջանում: Նա վիրավորել և սպանել է հազարավոր ամերիկացի զինվորականների»:

  • Կիսվել: