հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Պեսկովը չի մեկնաբանել Կադիրովին գեներալ-լեյտենանտի կոչում շնորհելու մասին տեղեկությունը

Պեսկովը չի մեկնաբանել Կադիրովին գեներալ-լեյտենանտի կոչում շնորհելու մասին տեղեկությունը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին գեներալ-լեյտենանտի կոչում շնորհելու մասին հրամանագրի հրապարակման հարցը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Ես առայժմ չեմ կարող որեւէ բան ասել, որովհետեւ հրամանագիրը չեմ տեսել»,- երեքշաբթի պատասխանել է նա լրագրողների հետ զրույցում հնչած հարցին։

«Հենց որ հրամանագիրը տեսնենք, եթե այն փակ չէ, այն կհրապարակվի։ Նախագահի փակ հրամանագրերը, այդպիսիները նույնպես լինում են, չեն հրապարակվում»,- շարունակել է Պեսկովը։

Ի պատասխան ճշգրտող հարցի, թե այդպիսի հրամանագրերում լինում են արդյոք կոչում շնորհելու հիմնավորումներ, Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ «սովորաբար հիմնավորման ձեւակերպումներ չեն լինում»։

Երկուշաբթի Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մահոմեդ Դաուդովը տեղեկացրել էր Կադիրովին գեներալ-լեյտենանտի կոչում շնորհելու մասին։ 2020թ. Չեչնիայի ղեկավարին շնորհվել էր գեներալ-մայորի կոչում, ինչի մասին նա տեղեկացրել էր սոցցանցերի իր էջերում՝ հրամանագրի լուսանկարը տեղադրելով։ Բացի այդ, Չեչնիայի ղեկավարը ՆԳՆ-ի կառույցից տեղափոխվել էր Ռոսգվարդիա։ Մինչ այդ Կադիրովը ոստիկանության գեներալ-մայոր էր, այդ կոչումը նրան շնորհվել էր 2009թ.։ Բացի այդ, Կադիրովը արժանացել է երկրի բարձրագույն՝ Ռուսաստանի Դաշնության Հերոսի կոչմանը։

  • Կիսվել: