չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Պենտագոնը վստահեցրել է, որ Ուկրաինային աջակցելիս ձգտում է խուսափել Ռուսաստանի հետ էսկալացիայից

Պենտագոնը վստահեցրել է, որ Ուկրաինային աջակցելիս ձգտում է խուսափել Ռուսաստանի հետ էսկալացիայից

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Ուկրաինայի աջակցելիս հաշվի է առնում այն փաստը, որ Ռուսաստանը միջուկային տերություն է, ինչպես նաև ձգտում է խուսափել ռազմական ոլորտում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լարվածության հետագա սրումից։

Այդ մասին լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
 
Նա չի ընդունել ամերիկյան մի շարք շրջանակների, այդ թվում՝ ԱՄՆ Կոնգրեսի անդամների քննադատությունը, որոնք վերջին օրերին Վաշինգտոնի վարչակազմին փաստացի կոչ են արել  գրեթե ուղղակի ռազմական միջամտություն իրականացնել Ուկրաինայում։ «Մենք սկզբունքորեն մերժում ենք այն պնդումը, որ բավականաչափ չենք անում կամ բավականաչափ արագ չենք անում: Միևնույն ժամանակ, մենք հաշվի ենք առնում, որ Ռուսաստանը միջուկային տերություն է, որ մենք հստակ պատկերացում չունենք թե ինչպես է մտածում Պուտինը: Այնպես որ, մեր նման քայլերն անպատասխանատու կլինեին: Օսթինը պաշտոնը ստանձնեց՝ իր երկիրը պաշտպանելու միակ խնդիրն ունենալով: Եվ երկրի պաշտպանության մի մասը էսկալացիան կառավարելն է: Եթե նա չմտածեր պոտենցիալ էսկալացիայի մասին, թե ուր կարող է այն հասցնել, ապա նա  չէր կարող լինել այս պաշտոնում»,-ասել է Պենտագոնի խոսնակը։
 
Ըստ Քիրբիի, Օսթինը չափազանց լուրջ է վերաբերվում աշխատանքային պատասխանատվությանը, քանի որ խաղադրույքները շատ մեծ են: «Այնպես որ, ներողություն չի լինի այն բանի համար, որ մենք հաշվի ենք առնում այս գործոնները՝ շարունակելով աջակցել Ուկրաինային»,-հավելել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցիչը։
 
 

  • Կիսվել: