ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փայլանը Թուրքիայի ՊՆ-ին հարցադրում է հղել՝ ՀՀ-ի դեմ ռազմական գործողությունների պլանի մասին

Փայլանը Թուրքիայի ՊՆ-ին հարցադրում է հղել՝ ՀՀ-ի դեմ ռազմական գործողությունների պլանի մասին

Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի զինված ուժերի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողության պլան (սցենար) ունենալու վերաբերյալ հարցը մեջլիսի օրակարգ է բերել, տեղեկացնում է Regionmonitor-ը:

Նա գրավոր հարցադիմում է ներկայացրել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին՝ պահանջելով պատասխանել Հայաստանի դեմ ուղղված ռազմական պլանին վերաբերող մի շարք հարցերի:

Փայլանի խոսքով՝ Հայաստանի ժողովրդին «Թուրքիայի ԶՈՒ-ի Ալթայ պլանավորման հրահանգ և Օղուզթյուրք օդային ռազմական գործողության պլանի» մասին մամուլում հայտնված տեղեկությունները շատ են անհանգստացրել, ուստի, հաշվի առնելով այդ հանգամանքը, Փայլանը Աքարին ուղղել է հետևյալ հարցերը՝

1.«Արդյո՞ք Թուրքիայի ԶՈՒ-ն նման փաստաթուղթ ունի: Շահարկումների առարկա դարձած պլանը դեռ վավե՞ր է:

2.Վերոնշյալ պլանը ի՞նչ հիմնավորմամբ և ի՞նչ նպատակով է կազմվել:

3.Ջանքեր գործադրելո՞ւ եք Հայաստանի ժողովրդի շրջանում այս պնդումների հետևանքով առաջացած անհանգստությունը մեղմելու և խաղաղությանն ուղղված ակնկալիքները վերականգնելու համար»:

Հիշեցնենք, որ Թուրքիան պլանավորում էր ռազմական գործողություն իրականացնել Հայաստանի դեմ՝ «ALTAY» կոդով՝ համաձայն գաղտնի փաստաթղթի, որ ներկայացնում էր դասակարգված փաստաթղթերից բացակայող էջերը, որոնք մանրամասն նկարագրում են գործողությունները: Այս մասին գրում է շվեդական Nordic Monitor կայքը։

Ներքին փաստաթուղթը, որը ներկայացվել է Գլխավոր շտաբին, և որի պատճենը ձեռք է բերվել «Nordic Monitor»-ի կողմից, նշում է, որ պլանը դեռ գործում է:

Նշվում է, որ 2016 թ.-ի մայիսի 23-ով թվագրված գրության համաձայն, որը ներկայացվել է Գլխավոր շտաբին, որոշ էջեր, որ ներառում էին Հայաստանի նկատմամբ «OĞUZTÜRK Hava Harekât Planı» անունը ստացած ավիահարվածների գործողությունները (OĞUZTÜRK օդային գործողությունների պլան), անհետացել էին: Այս բացահայտումը կատարվել է Անկարայի «Akıncı» ավիաբազայում գտնվող վերահսկիչ փաստաթղթերի բյուրոյում պլանների վերանայման ընթացքում: Դեպքի կապակցությամբ սկսվել է իրավական հետաքննություն:

Ըստ տեսչության կողմից ներկայացրած հակիրճ գրության՝ գաղտնի պլանը վերջնական տեսքի է եկել 2001 թ.-ի հուլիսի 13-ին: Այն պատրաստվել է 2-րդ մարտավարական օդուժի հրամանատարության կողմից։

Գրության մեջ նշվում է, որ գործողությունների ծրագիրը դեռևս վավեր է, և ընդգծվում է, որ խախտումը բացասական ազդեցություն չի ունենա Թուրքիայի զինված ուժերի «ALTAY» հրահանգի վրա:

Ինչպես գրում է Nordic Monitor-ը, «ALTAY» պլանը Թուրքիայի զինված ուժերի կողմից կազմված գործողությունների ընդհանուր ծրագիր էր, և որ յուրաքանչյուր ուժային հրամանատարություն իր հրահանգն ուներ ըստ դիրեկտիվի: Հուշաթերթում չի նշվում «ALTAY» հրահանգի մանրամասները, որոնք, կարծես թե, եղել են Հայաստանի համար ընդհանուր ռազմական պլան, կամ նրա օդուժի՝ «OĞUZTÜRK» գործողության մանրամասները: Չի ասվում, թե ինչպես են գաղտնի ծրագրի այդ էջերը անհետացել։

  • Կիսվել: