Ովքե՞ր են ամերիկահայությանն առավել ծանոթ գործիչները, որ կարող են ընդգրկվել Թրամփի վարչակազմում
«Ամերիկայի ձայն»․ Դոնալդ Թրամփը հունվարին կվերադառնա Սպիտակ տուն, իսկ մինչ այդ նրա անցումային թիմը տարբեր պաշտոններում առաջադրում է իր թեկնածուներին, որոնց մեծ մասը պետք է ստանա հանրապետական մեծամասնությամբ Սենատի հավանությունը: Նրանցից ոմանք քաջատեղյակ են Հարավային Կովկասի մարտահրավերներին։
Միացյալ Նահանգներում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթանակ տարած հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին՝ երդմանակալությունից հետո, կրկին կստանձնի երկրի նախագահի պաշտոնը: Իսկ մինչ այդ նախագահ Թրամփի անցումային թիմը զբաղված է տարբեր պաշտոններում թեկնածուների առաջադրմամբ, որոնց զգալի մասը պետք է ստանա վերջին ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցության վերահսկողության տակ անցած ԱՄՆ Սենատի հավանությունը:
Առաջադրված թեկնածուների շարքում կան գործիչներ, որոնք իրենց քաղաքական գործունեության ընթացքում այսպես թե այնպես առնչվել են Հարավային Կովկասի տարածաշրջանին, այն խնդիրներին կամ մարտահրավերներին, որոնց առերեսվել կամ առերեսվում է հայությունը: Օրինակ՝ պետքարտուղարի պաշտոնում առաջադրված սենատոր Մարկո Ռուբիոն իր օրենսդրական գործուենության ընթացքում բազմիցս անդրադարձել է Հարավային Կովկասին ու Հայաստանին, իսկ առողջապահության նախարարի պաշտոնի թեկնածու Քենեդի-կրտսերը սերտ կապեր ունի ամերիկահայ համայքնի հետ: Մեկ այլ թեկնածու, դոկտոր Մեհմեդ Օզն էլ իր հերթին քննադատության է ենթարկվել ամերիկահայ շրջանաների կողմից Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշման համար:
Հիշեցնենք, ամերիկյան արտաքին քաղաքականությունը սահմանում է ԱՄՆ նախագահը, և թե ինչ քաղաքականություն կորդեգրի Վաշնգտոնը տարածաշրջանում ու հայ-ամերիկյան հարաբերություններում ցույց կտա ժամանակը: