կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Որպես բարերար ու գործարար՝ Սամվել Կարապետյանին գնահատում եմ շատ բարձր, որպես քաղաքական դերակատար՝ դեռևս չեմ կարող որևէ գնահատական տալ. Արթուր Վանեցյան

Որպես բարերար ու գործարար՝ Սամվել Կարապետյանին գնահատում եմ շատ բարձր, որպես քաղաքական դերակատար՝ դեռևս չեմ կարող որևէ գնահատական տալ. Արթուր Վանեցյան

Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանին հնարավոր է ընտրությունների միջոցով հեռացնել իշխանությունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Ես բազմիցս ասել եմ՝ չբացառելով փողոցային պայքարն ու հնարավորությունը՝ Նիկոլ Փաշինյանին օր առաջ հեռացնելու, մենք պետք է պատրաստվենք նաև ընտրությունների, որովհետև ընտրություններն, այսպես թե այնպես, մի օր լինելու են ու իշխանությունն իր վարչական լծակներով պատրաստ է լինելու ընտրություններին, իսկ ընդդիմությունը, ցավոք սրտի, պատրաստ չի լինելու, եթե հիմիկվանից չպատրաստվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ըստ Վանեցյանի՝ ցանկացած ընդդիմադիր ուժ, որը կկարողանա առաջնորդել ու իրագործել օր առաջ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, ողջունելի է, ինքը կանգնելու է այդ ուժի կողքին, սակայն այս պահին նա զերծ կմնա որևէ շարժում նախաձեռնելուց։

Ինչ վերաբերում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվելիք նոր քաղաքական ուժին՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ դեռ չի կարող գնահատական ալ, թե ինչպիսի քաղաքական գործիչ է Կարապետյանը։

«Շատ ցավում եմ, որ հիմա կալանավորված է, դա մեր բոլորի ամոթն է, որ մեծանուն հայ գործարարն ու բարերարն այսօր ճաղերի հետևում է շինծու քրեական գործի շրջանակներում, ինչ վերաբերվում է քաղաքական ուժ ձևավորելուն՝ լսել ենք հայտարարությունը, ընդունել ենք ի գիտություն, քաղաքական ուժը կձևավորվի, կտեսնենք՝ ովքեր են ներառված, մեր գնահատականները կտանք։ Որպես բարերար ու գործարար՝ Սամվել Կարապետյանին գնահատում եմ շատ բարձր, որպես քաղաքական դերակատար՝ դեռևս չեմ կարող որևէ գնահատական տալ»,- հավելեց Արթուր Վանեցյանը։

  • Կիսվել: