հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Օլաֆ Շոլցն ասել է, որ թույլ չի տա պատերազմ տեղի ունենա ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի միջեւ

Օլաֆ Շոլցն ասել է, որ թույլ չի տա պատերազմ տեղի ունենա ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի միջեւ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր խնդիրն է համարում «անել ամեն ինչ, որպեսզի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը չվերածվի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ պատերազմի»։ Գերմանիայի կառավարության ղեկավարը նման հայտարարություն է արել Der Tagesspiegel թերթին տված հարցազրույցում։

Այժմ Ռուսաստանի Դաշնության եւ ՆԱՏՕ-ի միջեւ պատերազմ չկա, եւ ինքը, որպես Գերմանիայի կանցլեր, նման սրացում թույլ չի տա, հավելել է Շոլցը։ «Այս հարցում մենք՝ դաշնային կառավարությունում, միասնական ենք, եւ նույն կարծիքին է նաեւ արտաքին գործերի նախարարը՝ Անալենա Բերբոքը», - մեջբերել է DW-ն։

Շոլցը վերահաստատել է դիրքորոշումն այն մասին, որ Կիեւին կործանիչներ մատակարարելու մասին խոսք լինել չի կարող։ Նա նշում է, որ իր վերաբերմունքն այս հարցում չի փոխվել։ Միեւնույն ժամանակ, Շոլցը նախազգուշացրել է «առաջարկների մշտական ​​մրցավազքի մեջ մտնելուց, երբ խոսքը սպառազինության համակարգերի մասին է»: «Եթե Գերմանիայում մեկ այլ բանավեճ սկսվի, հենց որ որոշում կայացվի, դա անլուրջ տպավորություն կթողնի եւ կխաթարի քաղաքացիների վստահությունը կառավարության որոշումների նկատմամբ», - ասել է նա։

Միաժամանակ Շոլցը հայտարարել է, որ շարունակելու է փորձել ազդել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ուղիղ զրույցներում։ «Ես կշարունակեմ հեռախոսով խոսել Պուտինի հետ, եթե զրույցի անհրաժեշտություն լինի», - ասել է նա՝ հավելելով. «Պուտինից է կախված Ուկրաինայից զորքերի դուրսբերման եւ այս սարսափելի, անիմաստ պատերազմի ավարտի մասին որոշումը, որը հարյուր հազարավոր մարդկանց կյաքեր է արժեցել»:

«Կոչերով Պուտինը բազմիցս հասկացրել է, որ «ցանկանում է բռնի ուժով վերցնել հարեւան պետության մասերը», - ասել է Շոլցը՝ նշելով, որ դա անընդունելի է։ Գերմանիայի կանցլերի խոսքով, ի թիվս այլ հարցերի, Պուտինի հետ իր զրույցներում շոշափվել են հստակ հարցեր, ինչպիսիք են ռազմագերիների փոխանակումը, Ուկրաինայից հացահատիկի արտահանումը կամ Զապորոժիեի ատոմակայանին վերաբերող հարցը։

 

  • Կիսվել: