երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Նեթանյահուն մտադիր է կասեցնել դատաիրավական բարեփոխումների առաջմղումը

Նեթանյահուն մտադիր է կասեցնել դատաիրավական բարեփոխումների առաջմղումը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի հայտնել է աղմկահարույց դատաիրավական բարեփոխումների նախագիծը կասեցնելու մտադրության մասին. հիշեցնենք, որ վարչապետի առաջարկած բարեփոխումները երկրում զանգվածային բողոքի ցույցերի պատճառ են դարձել։

Կան պետական ռադիոյի փոխանցմամբ՝ կառավարության ղեկավարն իր որոշման մասին տեղեկացրել է իշխող կոալիցիայի իր գործընկերներին, գրում է Haaretz-ը։

Նեթանյահուն առաջարկել էր սահմանափակել Գերագույն դատարանի իրավունքը՝ վետոյի ենթարկելու խորհրդարանի ընդունած օրենքները, իսկ դատավորների ընտրության վերահսկողությունը թողնել կառավարությանը։

Այս ամենը, ըստ Նեթանյահուի, կոչված է ամրապնդելու իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունը՝ վերացնելով դատական համակարգի նկատմամբ կողմնակալությունը։  Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ բարեփոխումը ծառայում է անձամբ Նեթանյահուի և նրա կաբինետի շահերին և խարխլում է պետության ժողովրդավարական հիմքերը։

Հունվարի սկզբից հազարավոր մարդիկ բողոքում են Իսրայելում դատական բարեփոխումների դեմ։ Հանրահավաքներն անցկացվում են շաբաթական առնվազն երկու անգամ, և դրանց մասնակիցների թիվն աճում է՝ մարտի 25-ին այն գերազանցել է 600 հազարը (երկրում 10 միլիոնից պակաս բնակիչ կա)։

Կիրակի՝ մարտի 26-ին, ցուցարարները հավաքվել են վարչապետի տան մոտ. ոստիկանությունը նրանց ցրել է ջրցան մեքենաներով, իսկ երկուշաբթի հազարավոր մարդիկ մոտեցել են Իսրայելի խորհրդարանի շենքին։

Իսրայելում մարտի 26-ի երեկոյան սկսված ինքնաբուխ բողոքի ցույցերի պատճառը վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին պաշտոնից հեռացնելու որոշումն էր։

Հայտնի է, որ Նեթանյահուն պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Յոավ Գալանտին մեկ օր անց այն բանից հետո, երբ վերջինս կոչ էր արել իշխող կոալիցիային սառեցնել դատաիրավական բարեփոխումների գործընթացը՝ նշելով, որ այն «պառակտում» է առաջացրել։ Այս մասին հաղորդել է Al Jazeera-ն՝ հղում անելով իսրայելական կառավարության գրասենյակի տարածած հաղորդագրությանը։

Գալանտը՝ Նեթանյահուի աջակողմյան «Լիկուդ» կուսակցության ներկայացուցիչը, դարձել է առաջինը բարձրաստիճան պաշտոնյան, որը շաբաթ ուշ երեկոյան կոչ էր արել 1 ամսով սառեցնել Իսրայելի դատական համակարգը բարեփոխելու վիճահարույց օրենսդրական գործընթացը մոտ 200 000 քաղաքացու ներգրավմամբ տեղի ունեցած ցույցի ֆոնին։ Ըստ նրա՝ իրավիճակ սպառնալիք է Իսրայելի անվտանգության համար։

Կարճ հայտարարության մեջ Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ վարչապետը պաշտոնանկ է արել Գալանտին: Ավելի ուշ Իսրայելի վարչապետն իր թվիթերյան էջում գրել է, որ «մենք բոլորս պետք է ամուր կանգնենք մերժման դեմ»:

  • Կիսվել: