ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Նեպալում զանգվածային անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հատել է 70-ը

Նեպալում զանգվածային անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հատել է 70-ը

Նեպալում զանգվածային անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հատել է 70-ը: Այս մասին հայտնել են տեղական իշխանությունները, տեղեկացնում է Nepal News-ը:

«Ընդհանուր առմամբ 72 մարդ զոհվել է։ 191 վիրավոր ներկայումս բժշկական օգնություն են ստանում երկրի տարբեր հիվանդանոցներում և առողջապահական հաստատություններում»,-ասել է կառավարության խոսնակ Էկնարայան Արյալը։

Նա նշել է, որ մահերը գրանցվել են սեպտեմբերի 8-ի բողոքի ցույցերի և դրան հաջորդած սեպտեմբերի 9-ի հրկիզման ու անկարգությունների ժամանակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ շաբաթվա սկզբին Կատմանդուում և Նեպալի մյուս քաղաքներում անկարգություններ են տեղի ունեցել կոռուպցիայի և սոցիալական ցանցերի արգելքի դեմ բողոքի ցույցերից հետո: Դրանք հանգեցրել են երկրի վարչապետի հրաժարականին: Բողոքի ցույցերի հիմնական մասնակիցներ են դարձել ուսանողները և Gen-Z երիտասարդական շարժման ակտիվիստները: Ցուցարարները հրկիզել են պետական հիմնակությունների շենքեր, այդ թվում՝ խորհրդարանի, Գերագույն դատարանի, դատախազության շենքերը, և հարձակվել են քաղաքական գործիչների և պաշտոնյաների տների վրա։ Երկրում սահմանվել է պարետային ժամ։

Սեպտեմբերի 9-ին՝ բողոքի ցույցերի ֆոնին իշխանությունները վերացրել են սոցիալական ցանցերի արգելքը։ Սեպտեմբերի 10-ին Gen-Z շարժման ներկայացուցիչները հանդիպել են Նեպալի բանակի շտաբի պետ Աշոկ Ռաջ Սիգդելի հետ՝ քննարկելու ժամանակավոր կառավարության ձևավորման հարցը։ Ժամանակավոր կաբինետի ղեկավարի պաշտոնում հավանություն է տրվել Նեպալի Գերագույն դատարանի նախկին նախագահ Սուշիլա Կարկիի թեկնածությանը, որն էլ հայտնել է, որ պատրաստ է ստանձնել այդ պաշտոնը:

  • Կիսվել: