չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՆԱՏՕ-ն չի փակի Ուկրաինայի երկինքը. Գերմանիայի ԱԳՆ

ՆԱՏՕ-ն չի փակի Ուկրաինայի երկինքը. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտգործնախարար Աննա Լենա Բերբոկը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի փակի Ուկրաինայի երկինքը, քանի որ դա կնշանակի Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության մեջ մտնել: Այս մասին մարտի 6-ին՝ կիրակի, հայտարարել է քաղաքական գործիչը ՝ գերմանական ARD հեռուստաալիքի եթերում։

«Դա կնշանակի, որ  ՆԱՏՕ-ի ինքնաթիռները գնդակոծելու են ռուսական ինքնաթիռները, դա կնշանակի ՆԱՏՕ-ի ուղղակի մասնակցությունը հակամարտությանը։ Մենք պատասխանատվություն ունենք սեփական բնակչության պաշտպանության համար», - նշել է Բերբոքը։

Նա նշել է, որ դաշինքը պատասխանատվություն է կրում միլիոնավոր եվրոպացիների կյանքի համար եւ չի կարող ռիսկի դիմել, որպեսզի Ուկրաինայում պուտինյան պատերազմը տեղափոխվի այլ երկրներ եւ վերածվի երրորդ համաշխարհային պատերազմի: Ընդ որում նախարարն ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կշտամբանքները «խոցում են սիրտը», փոխանցում է Korrespondent.net-ը։

Գերմանիայի ԱԳ նախարարն ասել է, որ վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ Պուտինի համար «կարմիր գծեր» գոյություն չունեն, ուստի ՆԱՏՕ - ն պետք է ուժեղացնի իր արեւելյան սահմանները, որպեսզի կարողանա պաշտպանել դաշնակիցներին: Նա հավելել է, որ Գերմանիան աջակցում է Լեհաստանի՝ խորհրդային ինքնաթիռներն Ուկրաինային հանձնելու նախաձեռնությանը։

Գերմանիան իր հերթին կդիտարկի, թե էլ ինչ կարող է տրամադրել Կիևին իր պաշարներից։ Միեւնույն ժամանակ Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է, որ «ոչ բոլոր պայմանավորվածությունների մասին պետք է խոսել հրապարակային տարածքում»:

  • Կիսվել: