չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ցանկանում է տարեկան 40 միլիարդ եվրո հատկացնել Կիևին. Reuters

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ցանկանում է տարեկան 40 միլիարդ եվրո հատկացնել Կիևին. Reuters

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի անդամ երկրներին կառաջարկի տարեկան առնվազն 40 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային ռազմական օգնության համար։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ՆԱՏՕ-ում իր աղբյուրին։

Մայիսի 30-31-ին Պրահայում ընթանում է ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Հանդիպման առաջին օրվա առանցքային թեման ռազմական աջակցությունն էր Ուկրաինային։

«Անհրաժեշտ է, որ մենք պահենք աջակցության առնվազն ներկայիս մակարդակը, որպեսզի կանխատեսելիությունը, ինչի կարիքն ունի Ուկրաինան, ապահովենք անհրաժեշտ ժամանակի ընթացքում», - հայտարարել է գործակալության աղբյուրը՝ հավելելով, որ Ուկրաինայում ՌԴ-ի լայնամասշտաբ ռազմական գործողություններից ի վեր ՆԱՏՕ-ի անդամները Կիևին տրամադրել են տարեկան շուրջ 40 միլիարդ եվրո:

Reuters-ը պարզաբանում է, որ Ստոլտենբերգն ավելի վաղ չի հայտարարել այդ գումարի մասին, սակայն ՆԱՏՕ-ում քննարկել են հինգ տարվա ընթացքում 100 միլիարդ եվրոյի կամ տարեկան 20 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամի ստեղծումը՝ Ուկրաինային աջակցելու համար։ Ակնկալվում է, որ Կիևին տարեկան 40 միլիարդ եվրո հատկացնելու վերաբերյալ գլխավոր քարտուղարի առաջարկը կքննարկվի մայիսի 31-ին։

Ուկրաինային աջակցելու երկարաժամկետ ռազմավարության ամրապնդմանն ուղղված միջոցառումների համաձայնեցումը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

  • Կիսվել: