Մյանմարում հարսանիքի և շուկայի վրա ավիահարվածների հետևանքով կա շուրջ 50 զոհ
Մյանմարում հանգստյան օրերին զինվորականների հասցրած ավիահարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է մոտ 50-ի: Այս մասին տեղեկացնում է AFP-ն:
Նշվում է որ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մո Բյե շրջանում շաբաթ օրը հարսանիքի անցկացման վայրին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 21 մարդ, հայտնել է տեղական մարդասիրական կազմակերպության ղեկավարը։ Մեկ այլ ականատես զոհերի ավելի փոքր թիվ է նշել՝ 17 մարդ։
Եվս 29 մարդ է զոհվել Ռաքհայն նահանգի Մրաուկ Ու քաղաքում։ Հուղարկավորություններ կազմակերպող կառույցի ղեկավար Հլա Մաունգ Ուի տվյալներով, շաբաթ օրը ցերեկը շուկային հասցված հարվածի զոհ է դարձել տասը մարդ, իսկ երեկոյան նույն շրջանում զոհվել է ևս 19 մարդ։ Նա զինվորականներին մեղադրել է խաղաղ բնակիչների վրա միտումնավոր հարձակման մեջ։ Զինվորականներից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։
Ինչպես հաղորդվում է՝ հարձակումներին նախորդել էր հինգշաբթի օրը Մագուե շրջանում դպրոցի և վանքի վրա հասցված հարվածը։ Վտարանդիության մեջ գործող՝ Մյանմարի ինքնահռչակ Ազգային միասնության կառավարության տվյալներով՝ այն ժամանակ զոհվել էին 20 խաղաղ բնակիչ և հակապատերազմական Ժողովրդական պաշտպանության ուժերի ինը անդամ։
Նշենք, որ Մյանմարում քաղաքացիական պատերազմը շարունակվում է 2021 թվականի ռազմական հեղաշրջումից հետո, որի հետևանքով տապալվեց Աուն Սան Սու Չժիի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը։
Նոր ավիահարվածները տեղի են ունեցել մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր ճանաչեց 2017 թվականին Ռաքհայն նահանգում ռազմական գործողության ընթացքում ռոհինջա ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ։



