հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մոսկվայից արձագանքել են Զելենսկու Ռուսաստանը  «Մոսկովիայի Դաշնության» անվանափոխելու մասին հայտարարությանը

Մոսկվայից արձագանքել են Զելենսկու Ռուսաստանը «Մոսկովիայի Դաշնության» անվանափոխելու մասին հայտարարությանը

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանձնարարականը՝ քննարկել Ռուսաստանը ուկրաիներենով Մոսկովիա անվանափոխելու հարցը: Նա այս տեղեկությանն արձագանքել է իր թելեգրամյան ալիքում: Մեդվեդևի կարծիքով՝ այս դեպքում Ուկրաինան պետք է վերանվանվի «Խոզի Բանդերա Ռեյխ»։

«Դե ի՞նչ ասես այս պարագայում... Մեր պատասխա՞նը. իհարկե ո՛չ խոխլանդիա և, իհարկե, ո՛չ Մալոռոսիյա, միայն Schweinisch Bandera-Reich. Exakt (Շվեյնիշ Բանդերա Ռայխ, «Խոզի Բանդերա Ռեյխ, հենց այդպես»)», - գրել է Մեդվեդևը՝  Ուկրաինայի նախագահին անվանելով «Կիևի գերագույն նացիստ»։

Ինչպես գրում է gazeta.ru-ն, Ուկրաինայի նախագահը պարտավոր է դիտարկել իր պաշտոնական կայքում ներկայացվող բոլոր խնդրագրերը, որոնք հավաքում են ավելի քան 25 000 ձայն։ Նոյեմբերի 23-ին քննարկման ներկայացված Ռուսաստանը Մոսկովիայի անվանափոխելու նախաձեռնությանը աջակցել է մոտ 25,8 հազար օգտատեր։

Խնդրագիրն առաջարկվում է ուկրաիներենում «Ռուսաստանի Դաշնություն»-ը փոխարինել «Մոսկովիայի Դաշնություն» բառերով։ Ըստ խնդրագրի նախաձեռնողի՝ Ռուսաստանն իր ներկայիս անունով «գրավել է Կիևան Ռուսիայի պատմությունը», ուստի երկրի անվանափոխությունը միջազգային մակարդակով «տեղեկատվական հզոր քայլ» կլինի։

Խնդրագրին Ուկրաինայի նախագահի պատասխանում ասվում է, որ վարչապետ Դենիս Շմիգալին հանձնարարվել է ուսումնասիրել այդ հնարավորությունը՝ քննարկմանը ներգրավելով գիտական հաստատություններ։ Զելենսկին կոչ է արել հարցը մշակել «ինչպես պատմամշակութային համատեքստում, այնպես էլ՝ հաշվի առնելով հնարավոր միջազգային իրավական հետևանքները»։

Ռուսաստանի տարածքի «Մոսկովիա» անվանումը արտասահմանյան աղբյուրներում օգտագործվել է XVI-XVII դդ.:

  • Կիսվել: