շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մոսկվան Գերմանիայի դեսպանատանը բողոք է ներկայացրել

Մոսկվան Գերմանիայի դեսպանատանը բողոք է ներկայացրել

Մոսկվայում Գերմանիայի դեսպանատանը վճռական բողոք է ներկայացվել Ճապոնիայում Գերմանիայի դեսպան Պետրա Զիգմունդի արտահայտությունների վերաբերյալ, որոնք կասկածի տակ են դնում Ռուսաստանի ինքնիշխանությունը Հարավային Կուրիլյան կղզիների նկատմամբ: Այս մասին հայտնում են Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունից։
 
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Մոսկվան ԳԴՀ դեսպանատանը վճռական բողոք է ներկայացրել հուլիսի 25-ին Ճապոնիայում Գերմանիայի դեսպան Պետրա Զիգմունդի կողմից հնչած անընդունելի արտահայտությունների կապակցությամբ, որոնք կասկածի տակ են դնում Ռուսաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը Հարավային Կուրիլյան կղզիների նկատմամբ` այդպիսով բացահայտ ոտնձգություն են դառնալով Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականության նկատմամբ»։
Բացի դրանից՝ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Հարավային Կուրիլյան կղզիները Ռուսաստանին անցել են օրինական հիմքերով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում, իսկ այս արդյունքներն ամրագրված են դաշնակից տերությունների հետպատերազմյան պայմանավորվածություններով, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ:
 
Գերմանական կողմին ի գիտություն նշվել է, որ համերաշխությունը պաշտոնական Տոկիոյի իրավաբանորեն աննշան տարածքային նկրտումներին, որոնք բխում են Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների ռևանշիստական մեկնաբանումից, հատկապես սրբապղծություն է այս տարի, երբ առաջադեմ մարդկությունը նշում է Հայրենական մեծ պատերազմում նացիստական Գերմանիայի և նրա արբանյակների նկատմամբ հաղթանակի, ռազմատենչ Ճապոնիայի ջախջախման և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակը։

  • Կիսվել: