Մերցը Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ»
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Sat1 հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ասել է, որ նա «հնարավոր է՝ մեր ժամանակների ամենավտանգավոր ռազմական հանցագործն է», տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը։
Ըստ Մերցի՝ Ռուսաստանի նախագահը ներկայում որևէ պատճառ չի տեսնում համաձայնելու հրադադարի կամ, առավել ևս, Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագիր կնքելուն։ «Մենք պետք է դրա համար հիմքեր ստեղծենք։ Ռազմական առումով դա դժվար կլինի, բայց տնտեսական առումով՝ բավականին հնարավոր»,- ընդգծել է Մերցը։
Նա հավելել է, որ խոսքը Ռուսաստանին տնտեսապես «հյուծելու» մասին է, նրան զրկելու իր ռազմական մեքենան պահելու հնարավորությունից։ Մերցի կարծիքով՝ դա կարելի է անել, օրինակ, Ռուսաստանի հետ առևտուրը շարունակող երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելով։
Միևնույն ժամանակ, Գերմանիայի կանցլերը հավելել է, որ «չի տեսնում որևէ պատճառ՝ հավատալու Պուտինի որևէ հայտարարության»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններում զիջումներն անտեղի են։
Իր հերթին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Մերցի հայտարարությանը:
«Գերմանիայի կանցլերը վերջերս «վատ» արտահայտություններ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, այդ պատճառով էլ չպետք է հաշվի առնել նրա կարծիքը ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ»,-ասել է Պեսկովը:


