Մենք չենք կարող աշխարհով մեկ վազվզել՝ մարդ փնտրելու. Զելենսկին Պուտինի՝ բանակցություններին չներկայանալու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ներկայացել բանակցություններին, չնայած ինքն է դրանք նախաձեռնել։ Ուկրաինան չի վազելու աշխարհով մեկ՝ մարդու փնտրտուքով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է ՌԲԿ-Ուկրաինան։
Նա, մասնավորապես, նշել է. «Ես կարծում եմ, որ Կրեմլի առաջնորդը պետք է ցուցադրի իր առաջնորդական կարողությունները։ Եթե նա պատրաստ է բանակցությունների, ապա մենք պետք է հանդիպենք»:
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ հանդիպումը պետք է տեղի ունենա առանց որևէ պայմանի։
«Նա (Պուտինը-խմբ.) ուզում էր՝ «Եկեք հանդիպենք»։ Այսպես չի կարող լինել։ Մենք հիմա Անկարայում ենք, նոր ենք այստեղ թռել։ Դրանից հետո մենք խումբ ենք ուղարկում Ստամբուլ։ Նա այստեղ չէ, նա Ստամբուլում չէ։ Մենք չենք կարող աշխարհով մեկ վազվզել՝ մարդ փնտրելու։ Նրանք (գործընկերները- խմբ.) զգում են Ռուսաստանի անհարգալից վերաբերմունքը, իմ կարծիքով»,-հավելել է Զելենսկին։