շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՄԱԿ-ը՝ UNIFIL-ի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

ՄԱԿ-ը՝ UNIFIL-ի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հոկտեմբերի 13-ին Անտոնիու Գուտերեշի անունից հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի հարձակումները ՄԱԿ-ի խաղաղապահների վրա «կարող են դիտվել որպես ռազմական հանցագործություն»։

«ՄԱԿ-ի խաղաղապահները դարձյալ իրենց դիրքերում են Լիբանանում, իսկ ՄԱԿ-ի դրոշը շարունակում է ծածանվել: Գլխավոր քարտուղարը հերթական անգամ հայտարարել է, որ UNIFIL-ի անձնակազմը և նրանց տարածքները երբեք չպետք է դառնան հարձակումների թիրախ: Խաղաղապահների վրա հարձակումները միջազգային իրավունքի, այդ թվում ՝ միջազգային մարդասիրական իրավունքի խախտում են։ Դրանք կարող են դիտվել որպես ռազմական հանցագործություն»,- Դյուժարիկի խոսքն է մեջբերում Reuters գործակալությունը:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ կոչ անելով «անհապաղ» հարվածի տակից դուրս բերել UNIFIL խաղաղապահ ուժերը Լիբանանի հարավում:

«Հրաժարվելով տարհանել խաղաղապահներին՝ ՄԱԿ-ը նրանց դարձնում է «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության «պատանդ»: Սա վտանգի տակ է դնում և՛ նրանց, և՛ մեր զինվորների կյանքը»,- ասել է Իսրայելի վարչապետը։

  • Կիսվել: