Լավրովը վստահ է, որ Ռուսաստանը կվերադարձնի իր բռնագրավված ոսկեարժութային պաշարները
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կհասնի իր բռնագրավված ոսկեարժութային պաշարների վերադարձին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ինչպես ասել եմ, Եվրահանձնաժողովը ցանկանում է բռնագրավել այդ ակտիվները և հետո դրանք մեզ վերադարձնել միայն այն բանից հետո, երբ մենք որոշակի ռազմատուգանք վճարենք Ուկրաինային։ Մենք կհասնենք մեր ոսկեարժութային պաշարների վերադարձին, ես դրանում ոչ մի կասկած չունեմ», - ասել է Լավրովը «Ուկրաինական ճգնաժամ. Արևմուտքի իրավական ագրեսիան» թեմայով դեսպանների 13-րդ կլոր սեղանի ժամանակ։
Լավրովը նշել է, որ Արևմուտքի երկրների «իրավական ագրեսիան» դրսևորվում է «միջազգային իրավունքի նորմերի ընդլայնված մեկնաբանմամբ և այդ նորմերի՝ սեփական կարիքներին հարմարեցնելու նպատակով վերաշարադրմամբ»։ Նրա խոսքով՝ դրա օրինակ է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվների հետ կապված իրավիճակը, որոնք սառեցվել են բրյուսելյան Euroclear դեպոզիտարիայում։
«Այժմ Եվրամիությունում հնարում են տարբեր կեղծ իրավաբանական հիմքեր ոչ միայն այդ, ըստ էության, գողությունն արդարացնելու համար, այլև այն բանի համար, որ այդ միջոցները բելգիական իրավասության տիրույթից դուրս բերվեն, քանի որ Բելգիայի վարչապետը կտրականապես հրաժարվում է որևէ քայլ ձեռնարկել դրանց բռնագրավման ուղղությամբ, ինչին հենց ձգտում է ԵՄ ղեկավարությունը», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։



