շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լավրովը եւ Իրանի արտգործնախարարը քննարկել են իրադարձություններն Ուկրաինայում

Լավրովը եւ Իրանի արտգործնախարարը քննարկել են իրադարձություններն Ուկրաինայում

Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են, մասնավորապես, վերջին իրադարձություններն Ուկրաինայում։ Այս մասին տեղեկացրել է իսլամական հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Վերջին իրադարձություններն Ուկրաինայում այն հարցերի շարքում էին, որոնք քննարկել են Իրանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները»,- նշվել է Իրանի ԱԳՆ-ի Թելեգրամ-ալիքում տեղադրված հաղորդագրությունում։ Տեղեկացվել է, որ Աբդոլահիանն «ընդգծել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը», այն է՝ անհրաժեշտ է «ուշադրությունը կենտրոնացնել քաղաքական լուծման եւ երկխոսության վրա»։

Իրանի ԱԳՆ-ում նշել են, որ նախարարների հեռախոսազրույցի մյուս թեման այն հարցերն էին, որոնք կապված էին Իրանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) «տեխնիկական համագործակցության» հետ։ Նշվել է նաեւ, որ Լավրովը «ողջունել է Իրանի եւ Սաուդյան Արաբիայի ձեռք բերած պայմանավորվածությունը դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին»։

Իր հերթին, ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում նշվել է, որ կողմերը հաստատել են սերտ համակարգման տրամադրվածությունն առերես շփումների նախաշեմին։ Ինչպես տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ-ում, նախարարները նշել են  «ռուս-իրանական բազմապլան համագործակցության զարգացման դրական դինամիկայի ամրապնդման» մասին։

  • Կիսվել: