շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կքննարկվեն տարածքային փոխանակումների վերաբերյալ հարցեր. Թրամփը՝ ՌԴ-ի և Ուկրաինայի մասին

Կքննարկվեն տարածքային փոխանակումների վերաբերյալ հարցեր. Թրամփը՝ ՌԴ-ի և Ուկրաինայի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու և ուկրաինական հակամարտության հարցում հրադադարի հասնելու համար Ալյասկա մեկնող՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում  խոսել է Ուկրաինայի անվտանգության, տարածքային հնարավոր փոխանակման մասին և խոստացել է Ռուսաստանի հետ գործարքներ չկնքել մինչև հակամարտության կարգավորումը: Այս մասին տեղեկացնում է Sky News-ը։

Թրամփը նշել է որ Ռուսաստանի հետ գործարքներ չեն լինի մինչև պատերազմի ավարտը և ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է օգնել երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը։

Նա հայտարարել է, որ չնայած գագաթնաժողովում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի պատվիրակությունները, կարծես, կենտրոնացած էին բիզնեսի և տնտեսական շահերի վրա՝ իր առաջնահերթությունը պատերազմի վերաբերյալ համաձայնության հասնելն է, նախքան այլ հարցերին անցնելը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր երկիրը կարող է ներգրավվել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներում «Եվրոպայի և այլ երկրների հետ միասին»։ Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ դա չի լինի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության օգտին՝ հայտարարելով, որ «կան որոշակի բաներ, որոնք տեղի չեն ունենալու»։

«Ես նկատել եմ, որ Պուտինը Ռուսաստանից շատ գործարար մարդկանց է բերում, և դա լավ է, ինձ դա դուր է գալիս, քանի որ նրանք ցանկանում են բիզնեսով զբաղվել, բայց մենք չենք զբաղվելու բիզնեսով, մինչև պատերազմը չկարգավորենք»,-շեշտել է նա։

Թրամփը հավելել է, որ տարածքային փոխանակումները «կքննարկվեն, բայց ինքը պետք է Ուկրաինային հնարավորություն ընձեռի ընդուննել այդ որոշումը»։ «Կարծում եմ՝ նրանք ճիշտ որոշում կընդունեն»,-ասել է ԱՄՆ նախագահը։

Լրագրողները Թրամփին հարցրել են նաև այս շաբաթ իր հնչեցրած սպառնալիքի մասին, ըստ որի՝ Պուտինի համար «լուրջ հետևանքներ» կլինեն, եթե նա շահագրգռված չլինի խաղաղությամբ։

«Տնտեսական առումով լուրջ, այո, դա շատ լուրջ կլինի։ Ես դա անում եմ շատ կյանքեր փրկելու համար, այո, դա շատ լուրջ կլինի»,-ասել է Թրամփը։

  • Կիսվել: