ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կոլումբիայում Պաբլո Էսկոբարի զոհերին նվիրված հուշահամալիր է բացվել

Կոլումբիայում Պաբլո Էսկոբարի զոհերին նվիրված հուշահամալիր է բացվել

Կոլումբիայի Մեդելյին քաղաքում բացվել է Պաբլո Էսկոբարի նույնանուն նարկոկարտելի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, հղում անելով El Tiempo-ին՝ տեղեկացնում է Գազետա.ռու-ն:

Համալիրը բացվել է էսկոբարի նախկին տան՝ «Մոնակո»-ի տեղում: Կանաչ գոտու կենտրոնում տեղադրվել է 70 մ երկարությամբ եւ 4 մ բարձրությամբ պատ, որի մեջ կան 46 612 լուսավորված անցքեր՝ Էսկոբարի կարտելի զոհերի թվով:

Քաղաքապետարանի քարտուղար Մանուել Վիյան բացման արարողության ժամանակ ասել է. «Տապալվել է անօրինականության խորհրդանիշը, ստեղծվել է հուշահամալիր, որը մենք այսօր նվիրում ենք մեր հերոսներին՝ զոհերին, ոչ թե դահիճներին»:

Նշենք, որ «Մոնակո» տունը, որտեղ Էսկոբարն ապրել է իր ընտանիքի հետ, գտնվում էր Մեդելյինի նորաձեւ համայնքերից մեկում: Այն քանդվել է եւ 2019 թվականի փետրվարին, ինչից առաջ այդտեղ գտնվել է թանգարան, որտեղ պահվում էին կարտելի առաջնորդի անձնական իրերը: 2018 թվականի սեպտեմբերին թանգարանը փակվել էր «քաղաքին ամենամեծ վնասը հասցրած ամենավտանգավոր հանցագործներից մեկի կենսակերպը քարոզելու» պատճառով:

  • Կիսվել: