Իտալիան 15 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի հատված
Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն այսօր՝ նոյեմբերի 16-ին, օդ է բարձրացել՝ ավելի քան 15 տոննա մարդասիրական օգնություն տեղափոխելով Գազայի բնակչությանը: Այս մասին տեղեկանում ենք երկրի Պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունից:
Նշվում է, որ Իտալիայի կենտրոնական Պիզա քաղաքից օդ բարձրացած C-130J ինքնաթիռում օգնությունը հավաքել է Confederazione Nazionale delle Misericordie d'Italia բարեգործական խումբը:
«Իտալիան անում է և կշարունակի անել հնարավորը Գազայում խաղաղ բնակիչների տառապանքը մեղմելու համար», - ասել է պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոն՝ հավելելով, որ Իտալիան «չի մոռանում նրանց, ովքեր տառապում են», և հավատարիմ է հակամարտությունը թուլացնելուն։