երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իսրայելը պնդում է, որ տեղեկություններ ունի Իրանի կողմից Իսրայելի վրա հարձակում նախապատրաստելու մասին

Իսրայելը պնդում է, որ տեղեկություններ ունի Իրանի կողմից Իսրայելի վրա հարձակում նախապատրաստելու մասին

Իսրայելը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող հետախուզական տվյալները, ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը պատրաստվում է իր տարածքից հրթիռային հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Սիրիայում իր հյուպատոսության գնդակոծության: Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով իսրայելական աղբյուրների:

«Իսրայելի պաշտոնատար անձինք պնդում են, որ իրենք հետախուզական տվյալներ ունեն, որոնք ցույց են տալիս, որ Իրանը կարող է Իսրայելի վրա գրոհել իր տարածքից՝ օգտագործելով մեծ հեռահարության բալիստիկ հրթիռներ, թևավոր հրթիռներ կամ անօդաչու թռչող սարքեր», - ասվում է հրապարակման մեջ:

Իսրայելն ԱՄՆ-ին հայտնել է, որ եթե Իրանը գրոհ ձեռնարկի իր տարածքից, ապա Իսրայելը վճռական պատասխան կտա դրան, և ներկայիս հակամարտությունը կհասնի այլ մակարդակի, Axios-ին հաղորդել են Իսրայելի պաշտոնատար անձինք:

Հարթակը, վկայակոչելով ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաներին, գրում է, որ Իրանի գործողությունների հետևանքով էսկալացման նախապատրաստման և համակարգման հարցը մանրամասն քննարկվել է Իսրայելի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարներ Յոավ Գալանտի ու Լլոյդ Օսթինի` ապրիլի 3-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ապրիլի 4-ին երկրի անվտանգության կաբինետի նիստում հայտարարել է. «Մենք կիմանանք, թե ինչպես պաշտպանել մեզ, և կգործենք հիմնական սկզբունքին համապատասխան. ով մեզ վնաս է պատճառել կամ պլանավորում է վնաս պատճառել, մենք նրան վնաս կպատճառենք»,-ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ։

Ինչպես հայտնել է Սպիտակ տունը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Իրանի կողմից Իսրայելին ուղղված սպառնալիքները։

«Նախագահ Բայդենը հստակ հասկացրել է, որ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Իսրայելին նման սպառնալիքների դեպքում», - նշել են Սպիտակ տանը։

Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանը ենթարկվել է հարձակման, որի մեջ Իրանը մեղադրում է Իսրայելին: Իսրայելը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել հյուպատոսարանին հարվածելու մեղադրանքները: Հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին և հինգ սպաներ: Բացի այդ, ըստ տարբեր ԶԼՄ-ների, զոհվել են 6 սիրիացիներ։ Իրանի իշխանությունները խոստացել են պատասխան միջոցներ ձեռնարկել։

  • Կիսվել: