երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք. Գերմանիայի ԱԳ նախարար

Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք. Գերմանիայի ԱԳ նախարար

Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։

Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ բազմաթիվ քաղաքացիական զոհեր են եղել։

՛՛Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք՝ միջազգային իրավունքի տեսանկյունից՛՛,- ընդգծեց Բերբոքը։

Ըստ Բերբոքի՝ Իսրայելի գոյությանը սպառնալիք կլինի, եթե ՛՛երրորդ ճակատ՛՛ բացվի։ ՛՛Սա չի կարելի թույլ տալ։ Հեզբոլլահը չպետք է միջամտի, ինչպես նաև Եմենի հութիները: Մենք պետք է նպաստենք դեէսկալացիային: Իսրայելի բնակչության համար դրամատիկ կլինի, եթե ՛՛Հեզբոլլահը՛՛ միջամտի՛՛,-նշեց նա և հավելեց, որ Գերմանիան պաշտպանում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը:

Միեւնույն ժամանակ, սակայն, նա ընդգծեց, որ մարդասիրական օգնությունը պետք է հասնի Գազա։

՛՛Համասը խաղում է խաղաղ բնակիչների կյանքի հետ՝ օգտագործելով նրանց որպես վահան։ Ջուրն ու վառելիքը պետք է առաքվեն։ Մենք աշխատում ենք գործընկերների հետ առաքումը կազմակերպելու համար: Պետք է լինեն մարդասիրական միջանցքներ. ԵՄ բոլոր 27 երկրներն աշխատում են դրա ուղղությամբ՛՛,-ասաց Բերբոքը:

  • Կիսվել: