շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իսրայելի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

Իսրայելի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

Հոկտեմբերի 26-ին պաշտոնական այցով Թուրքիա է մեկնել Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը:Թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարի հետ հանդիպմանը նախատեսվում է քննարկել 1994թ. և 1996թ. երկու երկրների միջև կնքված պայմանագրերով անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունների թարմացման հարցը: Կողմերը կկենտրոնանան 12 տարի սառեցված ռազմական, անվտանգության ու պաշտպանական անվտանգության ոլորտում համագործակցության աշխուժացման, նորացման ու թարմացման վերաբերյալ ձևավորելիք ճանապարհային քարտեզի վրա, գրում է ermenihaber.am-ը:

Բացի դրանից, ըստ թուրքական աղբյուրի, հանդիպանն անդրադարձ է լինելու Ուկրաինայի, Սիրիայի ու Հարավային Կովկասի զարգացումներին: Վերջինի համատեքստում կխոսվի նաև Իրան-Ադրբեջան սահմանին առաջացած լարվածության մասին:

Նշվում է, որ վերջին անգամ պաշտպանության նախարարի մակարդակով իսրայելական կողմից այց եղել էր Թուրքիայի 2010թ-ին։ Այցելել էր այն ժամանակվա պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը: Իսկ այժմ Իսրայելի պաշտպանության նախարարի այցը Թուրքիա տեղի է ունենում Իսրայելի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

Նշենք, որ տարեսկզբին մեկնարկած թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում նախ մարտին Անկարա էր այցելել Իսրայելի նախագահ Իսհաք Հերցոգը, իսկ մայիսին Իսրայել էր մեկնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Դրանից հետո էլ երկու երկրները փրոշում կայացրեցին ապա փոխադարձության սկզբունքով կրկին դեսպաններ նշանակեցին՝ դիվանագիտական հարաբերությունները վերադարձնելով նախկին մակարդակին:

Իսրայելական The Jerusalem Post-ը, հղում կատարելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի, գրել է, որ երկու երկրներն էլ իրենց շահերն են հետապնդում հարաբերությունների վերաակտիվացման հարցում: Իսրայելը հույս ունի դառնալ ռազմավարական ավելի ուժեղ խաղացող տարածաշրջանում, հատկապես Իրանի հարցում: Իսկ Թուրքիան դիտվում է որպես առանցքային դերակատար տարածաշրջանում՝ այդ թվում Սիրիայում, որտեղ Իսրայելը ավելի քան մեկ տասնամյակ աշխատում է՝ խափանելու Իրանի ծրագրերը Իսրայելի դեմ ռազմաբազա ստեղծելու համար:

Բարձրաստիճան պաշտոնյան նաև հավելել է, որ ՀԱՄԱՍ-ի առնչությամբ Իսրայելը շարունակելու է ճնշում գործադրել Անկարայի վրա, որը շարունակում է աջակցել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին Իսրայելում հարձակումներ իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները սրվել էին 2010-ին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: Գազայի հատված մեկնող «Ազատության տորմիղի» միջադեպը, որի ժամանակ իսրայելցի հատուկջոկատայինները սպանել էին թուրքական «Մավի Մարմարա» նավում 9 թուրքի, հանգեցրեց Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանն ու դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցմանը:

Իսրայելի նոր կառավարության ձևավորումից հետո սկսվել է հարաբերությունների վերականգնման գործըթնաց, ինչի համատեքստում իրականացվում են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններ:

  • Կիսվել: