երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իսրայելի հետախուզության աղետալի ձախողումը ՀԱՄԱՍ-ին թույլ տվեց քաոս ստեղծել. Politico

Իսրայելի հետախուզության աղետալի ձախողումը ՀԱՄԱՍ-ին թույլ տվեց քաոս ստեղծել. Politico

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման շաբաթնօրյա աննախադեպ ռազմական հարձակումը, որի հետևանքով տասնյակ իսրայելցիներ զոհվեցին, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին կամ գերեվարվեցին, հնարավոր է եղել   Իսրայելի ռազմական և հետախուզական ծառայություններում «անկարգության» պատճառով, ասել է Իսրայելի ազգային անվտանգության խորհրդականի նախկին տեղակալ Չակ Ֆրեյլիխը։

«Սա աղետալի ձախողում էր Եգիպտոսի և Սիրիայի առնչությամբ։ Սա աղետալի ձախողում է Գազայի հարցում»,- ասել է նա Politico-ին տված հարցազրույցում։

Ֆրեյլիխի կարծիքով,  սա ձախողում է հետախուզության տեսանկյունից՝ օպերատիվ առումով։

«Ակնհայտ է, որ մենք բոլորս հանկարծակիի եկանք։ Գազայի համար պատասխանատու ստորաբաժանման շտաբը գրավվել է, այնտեղ քաոս է, դրա համար էլ պատասխանը հետաձգվել է»,- նշել է փորձագետը։

Ֆրեյլիխը, որը  2000-ականների սկզբին ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ էր, իսկ այժմ Թել Ավիվի համալսարանի Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր է, կարծում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը «համեմատաբար արագ» կվերագրավի կորցրած քաղաքներն ու գյուղերը:

«Դրան կհետևեն շատ լայնածավալ հարձակումներ ՀԱՄԱՍ-ի դեմ,- ասել է նա։- Հարցն այն է, թե նպատակը կլինի Գազայի գրավումը և ՀԱՄԱՍ-ի տապալո՞ւմը, թե՞ պարզապես նրանց շատ ու շատ ուժեղ հարված հասցնելը»:

Միևնույն ժամանակ, ըստ նրա, հարցեր կծագեն այն մասին, թե արդյոք Իրանն օգնե՞լ է համակարգել պաղեստինցի զինյալների գործողությունները, հաշվի առնելով, որ «զարմանալի կլիներ, եթե ՀԱՄԱՍ-ը կարողանար դա ինքնուրույն անել»:

Ըստ անվտանգության հարցերով վերլուծաբան և ռիսկերի կառավարման Le Beck International ընկերության հետախուզական բաժնի ղեկավար Մայքլ Հորովիցի, «իրավիճակը չափազանց խճճված է, քանի որ պատանդներ վերցնելու  բազմաթիվ միջադեպերը դեռ շարունակվում են, իսկ մի քանի շրջաններ դեռևս ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ են»:

«Սա նշանակում է, որ մենք չգիտենք հարձակման ամբողջ ծավալը, զոհերի թիվը և պատանդների թիվը», - ասել է նա։

«Վերջիվերջո, այս կոնկրետ սցենարը` համապարփակ հարձակումը բազմաթիվ պատանդառության դեպքերով և իսրայելական քաղաքները ժամերով կամ նույնիսկ օրերով «նվաճելու» փորձը, այն չէ, ինչ Իսրայելը նկատի չի ունեցել», - ասել է Հորովիցը՝ համաձայնվելով, որ ավերածության մասշտաբները վկայում է «հետախուզության խոշոր ձախողման մասին»:

  • Կիսվել: