չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև երկարաձգված հրադադարի ընթացքում սպասվում է պատանդների և բանտարկյալների նոր փոխանակում

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև երկարաձգված հրադադարի ընթացքում սպասվում է պատանդների և բանտարկյալների նոր փոխանակում

 Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման միջև հրադադարը երկարաձգվել է ևս երկու օրով․ նախատեսվում է կողմերի միջև իսրայելցի պատանդների և բանտարկված պաղեստինցիների նոր փոխանակում իրականացնել։

Reuters գործակալությունը հաղորդում է, որ հրադադարի չորս օրերի ընթացքում ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել 69 պատանդի՝ 51 իսրայելցու և 18 օտարերկրացու։ Իսկ Իսրայելը նոյեմբերի 24-ից ազատ է արձակել իր մոտ բանտարկված 150 պաղեստինցու։

Պատանդների և բանտարկյալների փոխանակման շրջանակներում ազատ են արձակվել հիմնականում կանայք և անչափահասներ։

ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաներից մեկը Al Jazeera-ին հայտնել է, որ առաջիկա օրերին խմբավորումը հույս ունի նոր համաձայնագիր ձեռք բերել Իսրայելի հետ, որպեսզի «բացի կանանցից և երեխաներից՝ փոխանակվեն նաև այլ կատեգորիայի անձինք»։

Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հրադադարը երկարաձգվում է մեկ օրով յուրաքանչյուր 10 պատանդի ազատ արձակման դիմաց։ Այս ընթացքում Գազայի հատված են մտնում հումանիտար բեռներ։

Յուրաքանչյուր իսրայելցի պատանդի դիմաց Իսրայելն ազատ է արձակում 3 պաղեստինցու։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ ստացել է նոյեմբերի 28-ին ազատ արձակվող պատանդների ցուցակը, և նրանց ընտանիքները տեղեկացվում են այդ մասին։

ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պատանդ է պահվում շուրջ 170 մարդ։ BBC-ի հաղորդմամբ՝ նրանցից ամենափոքրը 10 ամսական երեխա է։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ներխուժման ժամանակ Իսրայելում սպանվել էր 1200 քաղաքացիական անձ, ևս 240 մարդ պատանդ էր վերցվել։ Ի պատասխան այս հարձակման՝ Իսրայելը սկսել էր ռմբակոծել Գազայի հատվածը, այնուհետև ցամաքային ներխուժում էր սկսել։ Իսրայելական հարվածներից պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 15 000-ը։ Հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են։

  • Կիսվել: