երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը հետաձգվել է, ռազմական գործողությունները շարունակվում են․ BBC

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը հետաձգվել է, ռազմական գործողությունները շարունակվում են․ BBC

Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը, որի շրջանակներում պետք է տեղի ունենար իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների փոխանակում, հետաձգվում է։

Ինչպես տեղեկանում ենք BBC-ի հրապարակումից, իսրայելցի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ պատանդները մինչև նոյեմբերի 24-ն ազատ չեն արձակվի։ Իսրայելի արտգործնախարարն ավելի վաղ հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող առաջին պատանդներին բաց կթողնեն արդեն նոյեմբերի 23-ին։

Իսրայելի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել է, որ գործարքի շուրջ բանակցությունները շարունակվում են։

Ըստ նախատեսված համաձայնագրի՝ ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված 50 իսրայելցիներ պետք է փոխանակվեին Իսրայելի բանտերում գտնվող 150 պաղեստինցի կանանց և դեռահասների հետ։ Բացի այդ, պետք է լիներ քառօրյա հրադադար, և Գազայի հատված պետք է մուտք գործեր հումանիտար օգնություն։

Իսրայելի կառավարության աղբյուրներից մեկը BBC-ին հայտնել է, որ հրադադարը, որը պետք է ուժի մեջ մտներ նոյեմբերի 23-ին, տեղի ժամանակով ժամը 10։00-ին, նույնպես հետաձգվել է։

Նոյեմբերի 22-ի երեկոյան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի բոլոր ջանքերն ուղղված են ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների ազատ արձակմանը։ Նա հավելել է, որ հրադադարի ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը «կպատրաստվի պատերազմի շարունակմանը»։

Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին խմբավորման զինյալները ներխուժել էին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 240-ին։ Իսրայելի գնդակոծությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 14 500-ը։ Նրանց թվում կա շուրջ 6000 երեխա։

  • Կիսվել: