Իսրայելական զորքերը կմնան հարավային Լիբանանի մի մասում նույնիսկ պատերազմից հետո. Իսրայելի ՊՆ
Իսրայելի զինված ուժերը կգրավեն հարավային Լիբանանի մի մասը՝ նույնիսկ «Հեզբոլլահ» զինված խմբավորման դեմ ներկայիս պատերազմի ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:
«Գործողության ավարտին Իսրայելի բանակը կհաստատվի Լիբանանի ներսում գտնվող անվտանգության գոտում՝ հակատանկային հրթիռներից պաշտպանական գծի վրա, և կպահպանի անվտանգության վերահսկողությունն ամբողջ տարածքի վրա մինչև Լիտանի»,- ասել է Կացը՝ նկատի ունենալով սահմանից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գետը։
Նա հավելել է, որ հարյուր հազարավոր տեղահանված լիբանանցի բնակիչների «լիովին կարգելվի» վերադառնալ իրենց տներ՝ մինչև հյուսիսային Իսրայելի անվտանգությունն ապահովվի, իսկ «սահմանին հարակից գյուղերի բոլոր տները կքանդվեն՝ Գազայում Ռաֆահի և Բեյթ Հանունի մոդելով»։
Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերին Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը համաձայնության էին եկել հրադադարի շուրջ՝ գրեթե մեկ տարի տևած բախումներից հետո։ Սակայն զինյալ խմբավորումը վերսկսեց Իսրայելի դեմ հարձակումները մեկ ամիս առաջ՝ Իրանի պատերազմի սկսվելուց հետո։ Այդ ժամանակից ի վեր Իսրայելը պատասխանում է ծանր ավիահարվածներով և ցամաքային գործողություններով Լիբանանի հարավում։
Նշենք նաև, որ րոպեներ առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ «Հեզբոլլահը» ավելի քան 20 րոպե անընդմեջ ռմբակոծում է Իսրայելի հյուսիսը: Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցնում Լիբանանի հարավում։


