Իսրայելական կոալիցիան Նեթանյահուին կոչ է արել չհամաձայնել Լիբանանում 21-օրյա հրադադարին
Իսրայելական կոալիցիայի ներկայացուցիչները շտապել են վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրապարակայնորեն կոչ անել չհամաձայնել 12 երկրների առաջարկած 21-օրյա հրադադարին Լիբանանում՝ հայտնելով, որ դա «բարոյական արդարացում չի ունենա» եւ պարզապես թույլ կտա «Հեզբոլլահ» շարժմանը վերախմբավորվել հարվածների շարքից հետո, որոնք ստացել է, տեղեկացրել է Times of Israel-ը։
Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը Х սոցցանցում գրել է, որ «արշավը հյուսիսում կավարտվի մեկ սցենարով՝ «Հեզբոլլահի» ջախջախմամբ», նրան հյուսիսի բնակիչներին վնաս պատճառելու հնարավորությունից զրկելով»։
«Թշնամուն չի կարելի ժամանակ տալ սթափվելու ստացած ծանր հարվածներից եւ վերախմբավորվելու 21 օր հետո պատերազմը շարունակելու համար»,- ասել է նա՝ հավաստիացնելով, որ միայն լիբանանյան շարժման կապիտուլյացիան կարող է կանխել պատերազմը հյուսիսում։
Բնակավայրերի եւ ազգային նախագծերի նախարար Օրիթ Սթրոկը Սմոտրիչի ուլտրաաջ կրոնական-սիոնիստական կուսակցությունից եւս հանդես է եկել մարտական գործողությունների դադարեցման ջանքերի դեմ՝ հայտնելով, որ «չկա բարոյական հիմնավորում հրադադարի համար ոչ 21 օրով, ոչ 21 ժամով»։
Իսրայելի ժառանգության նախարար Ամիհայ Էլիյագուն հրադադարի ջանքերն անվանել է «վտանգավոր կեղծավորություն»՝ հայտնելով, որ «նա, ով չգիտեր, թե ինչպես զսպեր «Հեզբոլլահին» չդադարող գնդակոծությունների մի ամբողջ տարի... չպետք է սովորեցնի մեզ, թե երբ հակահարված տանք»։