հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իսրայելական բանակը սկսել է հեղեղել ՀԱՄԱՍ-ի թունելները. WSJ

Իսրայելական բանակը սկսել է հեղեղել ՀԱՄԱՍ-ի թունելները. WSJ

Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է ծովի ջուրը մղել ՀԱՄԱՍ-ի զինյալների թունելային համալիր, հայտնել է The Wall Street Journal-ը (WSJ): Պարբերականի փոխանցմամբ՝ Իսրայելն այդ մասին զգուշացրել է ԱՄՆ-ին։ Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները կարծում են, որ հեղեղումը կօգնի ոչնչացնել թունելները, որոնցում զինյալները զինամթերք են թաքցնում, ինչպես նաև՝ ահաբեկիչների ենթակառուցվածքը։ Գործողությունը կարող է տևել մի քանի շաբաթ։

Ըստ WSJ-ի՝ որոշ ամերիկացի պաշտոնյաներ, սակայն, մտահոգված են, որ ծովի ջրի մղումը կարող է վտանգել քաղցրահամ ջրի մատակարարումը Գազայի հատված։ Բացի այդ, կան մտահոգություններ՝ թունելներում վտանգավոր նյութերից հողի հնարավոր աղտոտման վերաբերյալ:

Ըստ իսրայելական The Jerusalem Post թերթի՝ հեղեղման գործընթացը սկսվել է նոյեմբերին, երբ Իսրայելի պաշտպանության բանակը հինգ պոմպ է տեղադրել Գազայում՝ ծովի ջուրը մղելու համար։

Դեկտեմբերի 4-ին իսրայելական բանակը հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 800 թունելի հայտնաբերման մասին։ Դրանցից 500-ն արդեն ոչնչացվել են տարբեր մեթոդներով, այդ թվում՝ պայթուցիկ նյութերի կիրառմամբ։ Գազայի հատվածում թունելային ցանցի շինարարությունը սկսվել է 2010 թվականին։ Դրանց ընդհանուր երկարությունը 400-500 կմ է, իսկ խորությունը՝ 35 մ։

  • Կիսվել: