կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի 800 օբյեկտների

Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի 800 օբյեկտների

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ հրթիռն ընկել  է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման թունելը, որ կառուցված է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող բարձր աշտարակի տակ, հաղորդում է Times of Israel-ը:

«Թունելի կողքին կա մզկիթ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀԱՄԱՍ-ը միտումնավոր իր ռազմական ենթակառուցվածքները տեղավորում է քաղաքացիական տարածքներում», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:

Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր խոսնակ, դերծովակալ Դանիել Հագարն ասել է, որ օդուժը խոշոր հարված է հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին:

Մամուլի ասուլիսում Հագարը տեղեկացրել է, որ ավելի քան 50 կործանիչ հարվածել է 120 թիրախի Բեյթ Հանուն շրջանում՝ ոչնչացնելով ՀԱՄԱՍ-ի հավաքատեղերը, որոնք օգտագործվում էին Իսրայելի վրա հարձակումներ իրականացնելու համար:

Ըստ Հագարի, ընդհանուր առմամբ, Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է մոտ 800 թիրախի այն պահից ի վեր, երբ մարտերը սկսվել են շաբաթ վաղ առավոտյան։

Հայտարարության մեջ Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ Բեյթ Հանունը «ահաբեկչության բույն» է և օգտագործվել է Համասի կողմից՝ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի վրա հարձակումներ իրականացնելու համար:

Հագարի տեղեկացմամբ, Իսրայելում դեռևս կան ՀԱՄԱՍ-ի զինյալներ, և իսրայելական զորքերը աշխատում են նրանց գտնելու և ոչնչացնելու ուղղությամբ։

«Մենք կմաքրենք տարածքը և կհարձակվենք ահաբեկիչների վրա, որտեղ էլ որ նրանք լինեն»,- ասել է նա։

  • Կիսվել: