Իսպանիան Իսրայելի մասնակցության դեպքում կդառնա Եվրատեսիլը բոյկոտելու պատրաստ հինգերորդ երկիրը
Իսպանական պետական հեռարձակող RTVE-ի խորհուրդը երեքշաբթի քվեարկել է Վիեննայում մայիսին անցկացվելիք Եվրատեսիլ 2026 երգի մրցույթից՝ Իսրայելի մասնակցության դեպքում հրաժարվելու օգտին: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Նշվում է, որ Իսպանիան հինգերորդ երկիրն է, որը նման հայտարարություն է անում Նիդեռլանդներից, Սլովենիայից, Իսլանդիայից և Իռլանդիայից հետո, և այսպես կոչված «Մեծ հնգյակի» առաջինն է՝ խումբ, որի մեջ են մտնում նաև Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան։
Վերոնշյալ երկրները ավտոմատ կերպով անցնում են մրցույթի եզրափակիչ փուլ։ RTVE-ի նախագահ Խոսե Պաբլո Լոպեսի առաջարկած միջոցառումը ստացել է 10 կողմ և չորս դեմ ձայն։ Հեռարձակողի հայտարարության մեջ նշվում է, որ 15 անդամից բաղկացած խորհրդի կազմում կա ևս մեկ անդամ։
«Եվրատեսիլը», որը միշտ շեշտում է իր քաղաքական չեզոքությունը, այս տարի հակասությունների մեջ է հայտնվել Գազայի պատերազմի պատճառով։ Մի քանի երկրներ ամենամյա միջոցառումը կազմակերպող Եվրոպական հեռարձակողների միությանը կոչ են արել Իսրայելին բացառել 2025 թվականի մրցույթից։


