Իրավիճակն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում փակուղային է․ ՌԴ փոխարտգործնախարար
Մոսկվան առկա բոլոր միջոցներով հակազդելու է ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի Դաշնությանը ռազմավարական պարտության տանելու գծին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նա նշել է, որ «գործնականում բոլոր ազիմուտներում, որոնք կարելի է պատկերացնել ԱՄՆ-ի հետ երկխոսության տեսանկյունից», այժմ իրավիճակը փակուղային է։
«Մեր հարաբերությունները փակուղի է հասցրել Վաշինգտոնի հակառուսական գիծը, որը վերջին տարիների ընթացքում տարեցտարի, ամիս առ ամիս կոշտացել է... Այս ամբողջ իրավիճակն անվտանգության ոլորտում, ներառյալ սպառազինությունների վերահսկումը, պատանդ է վերցվել ԱՄՆ-ի՝ Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու գիծի կողմից»,- հայտարարել է Ռյաբկովը։
Նա ընդգծել է, որ ՌԴ-ն պատրաստվում է ամենավճռական կերպով դիմակայել դրան՝ օգտագործելով իր տրամադրության տակ եղած բոլոր մեթոդներն ու միջոցները։