երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Իրաքում շիա զինված կազմավորման կենտրոնակայանի վրա ԱՄՆ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ․ Shafaq News

Իրաքում շիա զինված կազմավորման կենտրոնակայանի վրա ԱՄՆ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ․ Shafaq News

Առնվազն հինգ մարդ է զոհվել դեկտեմբերի 3-ին Իրաքում շիա զինված խմբավորումներից մեկի շտաբին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է Shafaq News պարբերականը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ծառայություններում իր աղբյուրին։

«Առայժմ պարզված չէ՝ արդյոք դա հրթիռակոծություն է եղել, թե անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացված հարված», - ասել է աղբյուրը։

Shafaq News-ը դեկտեմբերի 3-ին ավելի վաղ հայտնել էր, որ 6 հրթիռ է արձակվել Սիրիայի տարածքի ուղղությամբ՝ ամենայն հավանականությամբ թիրախավորելով Սիրիայում գտնվող ամերիկյան ռազմակայանները։

Շիաների «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժման զինյալներն իրենց հերթին ստանձնել են հյուսիս-արևելյան Սիրիայում Խարաբաթ ալ Ջիր ամերիկյան ռազմակայանի հրթիռակոծության պատասխանատվությունը։ Խմբավորումը հայտարարել էր, որ այդ հարձակումն իրականացվել է՝ ի պատասխան «Գազայի հատվածում թշնամու (խմբ․՝ Իսրայելի) կողմից կատարված հանցագործությունների»:

Նոյեմբերի 30-ին Պենտագոնը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ից ի վեր Իրաքում և Սիրիայում ԱՄՆ ռազմակայանները 74 անգամ ենթարկվել են հարձակման։

Սիրիայի տարածքում տեղակայված է ԱՄՆ-ի մոտ 900, Իրաքի տարածքում՝ 2500 զինծառայող:

  • Կիսվել: