Իրանը ՌԴ–ի և ՉԺՀ-ի հետ քայլեր է մշակել միջազգային պատժամիջոցների վերականգնման դեպքում. Արաղչի
Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ փոխգործակցության քայլեր է մշակել միջազգային պատժամիջոցների վերականգնման դեպքում։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ Աբբաս Արաղչին, գրում է parstoday.ir-ը:
Հուլիսի վերջին Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ «եվրոպական եռյակը» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) Ստամբուլում Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իրանական կողմին առաջարկել է հետաձգել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումը, եթե Թեհրանը կատարի որոշակի պայմաններ և իր իրավական պարտավորությունները։
«Ես չեմ բացառում, որ միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը կարող է գործի դրվել։ Մենք այդ թեմայի շուրջ արդեն մի քանի տարի աշխատում ենք Ռուսաստանի և Չինաստանի հետ և համատեղ մշակել ենք միջոցառումների համալիր, որը կիրականացնենք մեխանիզմի գործարկման դեպքում», - ասել Է Արաղչին։
Նա նշել է, որ «եվրաեռյակի» հայտարարությունները սոսկ հոգեբանական ճնշում են Իրանի վրա: Նրա խոսքով՝ պատժամիջոցների վերականգնումը չի ազդի ո՛չ իրանական նավթի արտահանման, ո՛չ էլ բանկային ոլորտի վրա: Միաժամանակ Արաղչին ընդգծել է, որ նման սահմանափակումների հետևանքները կարող են լուրջ լինել Իրանի համար:
«Մենք պետք է փորձենք կանխել այդ հետևանքները։ Բայց միևնույն ժամանակ չի կարելի գերագնահատել դրանք։ Պետք չէ մտածել, որ գործի դնելով պատժամիջոցների մեխանիզմը` մեզ վրա կկիրառվեն նոր, ավելի կոշտ տնտեսական սահմանափակումներ, որոնք մենք չենք կարող դիմանալ ... իսկ եվրոպացիներն իրենք են եկել այն եզրակացության, որ պատժամիջոցների վերականգնման այդ մեխանիզմի օգտագործումն այս պահին օգուտ չի բերում ո՛չ իրենց, ո՛չ էլ այլ երկրների», - ասել է Արաղչին։


