ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրանը համաներում է շնորհել աշնանային հակակառավարական ցույցերի 22 000 մասնակիցների

Իրանը համաներում է շնորհել աշնանային հակակառավարական ցույցերի 22 000 մասնակիցների

Իրանի իշխանություններն ազատ են արձակել աշնանային հակակառավարական ցույցերի 22 000 մասնակիցների։

Այս մասին հայտարարել է երկրի դատական իշխանության ղեկավար Ղոլյամ Հոսեյն Մոհսենի-Էջեին։
 
«Այս պահին [2022 թվականի մարտի 21-ից ի վեր] համաներման է ենթարկվել տարբեր հոդվածներով դատապարտված 82 000 մարդ, եւ այդ թիվը կարող է աճել,- մեջբերում է Tasnim-ը նրա խոսքերը,- Նրանց թվում 22 000-ը անկարգությունների մասնակիցներ են»:
Նրա խոսքով, տարբեր հոդվածներով եւս 34 000 դատապարտյալների պատիժը մեղմացրել են։ Ծանր հանցագործությունների եւ գողության համար մեղավոր ճանաչված անձինք համաներման մեջ չեն ներառվել։
 
Փետրվարի 5-ին ԻՌՆԱ-ն հաղորդել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ի պատիվ իսլամական հեղափոխության տարեդարձի՝ ներում է շնորհել «տասնյակ հազարավոր» բանտարկյալների, այդ թվում՝ հակակառավարական ցույցերին մասնակցելու համար ազատազրկման դատապարտվածներին:
 
Անկարգությունները սկսվել են անցյալ տարվա սեպտեմբերի 16-ին՝ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ ոստիկանները Ամինին բերման են ենթարկել ոչ պատշաճ գլխաշոր կրելու համար, իսկ հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ստացել եւ մահացել։ Սակայն սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։ Հոկտեմբերի 7-ին Իրանի դատաբժշկական կազմակերպությունը պաշտոնական զեկույց է հրապարակել աղջկա մահվան պատճառների մասին՝ նշելով, որ նրան տրավմա չի հասցվել։ 
 

  • Կիսվել: