Իրանը և ԱՄՆ-ն շարունակում են հաղորդագրություններ փոխանակել միջնորդների միջոցով. Բաղայի
Իրանը դեռևս հաղորդագրություններ է փոխանակում ԱՄՆ-ի հետ երրորդ երկրների միջոցով, սակայն առայժմ որոշում չի կայացրել ամերիկյան կողմի հետ բանակցությունները վերսկսելու մասին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ-ի հետ բանակցությունները տարբեր հարցերի շուրջ շարունակվում են միջնորդների միջոցով. մենք հաղորդագրություններ ենք փոխանցում ինչպես ԱՄՆ շահերի բաժնի միջոցով [Շվեյցարիայի դեսպանատանը Իրանում], այնպես էլ երրորդ երկրների միջոցով, որոնք մեզ են փոխանցում [ամերիկյան կողմի] պատասխան հաղորդագրությունները»:
Ըստ Բաղայիի՝ Իրանը «դեռևս որոշում չի կայացրել» ԱՄՆ-ի հետ բանակցությունները այլ ձևաչափով վերսկսելու հնարավորության վերաբերյալ՝ կապված իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հետ։
«Մենք չենք հաստատում այն հաղորդագրությունները, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների նոր փուլին, որը տեղի կունենա Նորվեգիայում»,-նշել է նա:


