հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրանում Նոուրուզի տոնակատարությունների ժամանակ ՃՏՊ-ների զոհերի թիվը հասել է 740-ի

Իրանում Նոուրուզի տոնակատարությունների ժամանակ ՃՏՊ-ների զոհերի թիվը հասել է 740-ի

Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով Իրանում 740 մարդ է զոհվել մարտի 14-ից ի վեր, երբ երկրում սկսել են նշել Նոուրուզը՝ իրանական արևային օրացույցով Նոր տարին։ Տարբեր վնասվածքներ է ստացել առնվազն 19 325 մարդ: Ինչպես  տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Իրանի ճանապարհային ոստիկանության պետ Թեյմուր Հոսեյնին։

Հոսեյնին խնդրել է բոլոր նրանց, ովքեր այս օրերին շարունակում են ճամփորդել, խուսափել ռիսկային վազանցներից, չգերազանցել թույլատրելի արագությունը և կանգ չառնել ճամփեզրին։

Մարտի 29-ին Իսլամական Հանրապետության ոստիկանության Ճանապարհային երթևեկության կառավարման կենտրոնի ղեկավար Ահմեդ Շիրանին տեղեկացրել էր տոնակատարությունների ժամանակ ՃՏՊ-ների հետևանքով 617 մահվան դեպքի մասին։

Ամեն տարի Նոուրուզի տոնակատարության ժամանակ Իրանի բնակիչները մեկնում են հանգստի կամ հյուր գնում երկրի տարբեր տարածաշրջաններում բնակվող հարազատներին։ Ճանապարհային ծանրաբեռնվածության և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով տեղի են ունենում բազմաթիվ պատահարներ։

Նոուրուզը, որը համընկնում է գարնանային գիշերահավասարի հետ, ավելի քան 3 հազար տարվա պատմություն ունի։ Այն նշում են բոլոր պարսկալեզու ժողովուրդները և թյուրքալեզու ժողովուրդների մեծ մասը։ 

  • Կիսվել: