ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Իրանում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների. կան զոհեր ու վիրավորներ

Իրանում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների. կան զոհեր ու վիրավորներ

Դեկտեմբերի վերջին Իրանում ռիալի աժեզրկման ֆոնին սկսված բողոքի ցույցերը երկրի հարավ-արևմուտքում վերածվել են ոստիկանության հետ բախումների, որոնց հետևանքով առնվազն երկու մարդ զոհվել է, մի քանի ոստիկաններ վիրավորվել են, տեղեկացնում է Fars-ը։

Նշվում է, որ բախումները տեղի են ունեցել Չեհարմեհալ և Բախտիարիա նահանգի Լորդեգան քաղաքում, որտեղ ցուցարարների մի մասը քարեր է նետել վարչական շենքերի և բանկերի ուղղությամբ՝ վնասելով որոշ շինություններ։ Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ։

Հաղորդվում է նաև, որ որոշ ցուցարարների մոտ զենք է եղել, և արձանագրվել են կրակոցներ ոստիկանների ուղղությամբ։

Բախումները շարունակվել են մինչև հունվարի 1-ի կեսօր, ներկայումս իրավիճակը քաղաքում հանգիստ է։ Press TV-ն էլ հայտնել է Իրանի արևմուտքում գտնվող Կուհդաշտ քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված կամավորի և «Բասիջ» կազմակերպության անդամի մահվան մասին։

Հավելենք, որ ակցիաների հիմնական պատճառը փոխարժեքի կտրուկ տատանումներն ու դրանց ազդեցությունը գների վրա։ Այս զարգացումների ֆոնին Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել,  նրա փոխարեն նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթին։

  • Կիսվել: