հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Իրանում Ադրբեջանի դեսպանատունն ամբողջությամբ դադարեցրել է իր գործունեությունը

Իրանում Ադրբեջանի դեսպանատունն ամբողջությամբ դադարեցրել է իր գործունեությունը

Ադրբեջանն ամբողջությամբ կասեցրել է դիվանագիտական գործունեությունն Իրանում, աշխատակիցները տարհանվել են և քիչ առաջ հասել են Բաքու։ Այս մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խելեֆ Խելեֆովը։

Նա նշել է, որ որոշ շահարկումներ կան, թե դիվանագիտական գործունեությունը չի դադարեցվել։ 

«Սակայն ամբողջությամբ դադարեցվել է»,- նշել է նա՝ հավելելով, որ դեսպանատան 5 աշխատակից է միայն մնացել այնտեղ՝ դեսպանատան վարչական շենքի, գույքի պահպանության համար, բայց նրանք դիվանագիտական գործունեություն չեն ծավալելու։

Խելեֆովը հայտնել է նաև, որ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը կշարունակի իր գործունեությունը։

Հիշեցնենք, որ 2023թ․ հունվարի 27-ին հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, ինչի հետևանքով սպանվել է անվտանգության ծառայության պետը, վիրավորվել՝ երկու աշխատակից։ Թեհրանի ոստիկանապետի հայտնել է, որ ըստ նախնական քննության, հարձակման շարժառիթը եղել են անձնական և ընտանեկան խնդիրները։  

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն դեպքի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը ծրագրում է կարճ ժամանակում տարհանել Թեհրանում Բաքվի դեսպանատան իր աշխատակիցներին։ Նա նաև նշել է․ «Մեր կարծիքով՝ հարձակման պատասխանատվությունը կրում է իրանական կողմը»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես դատապարել է դեսպանատան վրա հարձակումը՝ որակելով այն «ահաբեկչություն»։

  • Կիսվել: